Տավուշի մարզի Ոսկեվան համայնքում հակառակորդի կրակոցից վիրավորում ստացած երեխայի վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր, կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին իր ֆբ-յան էջում տեղեկացրել է ԱՆ մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Վերջինս ստացել է հրազենային վնասվածք՝ կրծքավանդակի շրջանում, իրականացվել է անհրաժեշտ առաջին բուժօգնություն։ Երեխան այս պահին տեղափոխվում է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»,-գրել է նա։
ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանն էլ հայտնել է, որ վիրավորած երկու զինծառայողները ևս տեղափոխվում են Երևան, քանի որ զինված ուժերի ռազմաբժշկական վարչության որդեգրած մոտեցումն է այդպիսին: Ըստ նրա՝ զինծառայողների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ այսօր ժամը 19:00-ի սահմաններում ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի հայկական դիրքերի ուղղությամբ, վիրավորվել է 2 զինծառայող և մեկ երեխա։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







