Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն անդրադարձավ վիրուսից պաշտպանվելու նպատակով դիմակներ կրելու անհրաժեշտությանն ու այն կրելու պայմաններին։
Խոսելով ինքնաշեն դիմակների մասին՝ նախարարը նշեց, որ դրանց հիմնական նպատակը ինքնապաշտպանությունն է փռշտալիս և հազալիս բերանից դուրս եկող մանր կաթիլների դեմ, որոնք հնարավոր է՝ լինեն վիրուսային:
«Դիմակները պետք է փոխել 3-4 ժամը մեկ, քանի որ չփոխվող դիմակներն ավելի վտանգավոր են, քան առանց դիմակի լինելը»,- ասաց Թորոսյանը։
Նախարարը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ դիմակ կա՛մ պետք է օգտագործել պատշաճ և՛ ձևի, և՛ որակի իմաստով, կա՛մ պետք է չօգտագործել:
«Դիմակ կրել փողոցում կամ նույնիսկ փակ տարածքում, այնպիսի դիմակ, որը, վստահաբար, քեզ չի պաշտպանելու, իմաստ չունի»,- նշեց նախարարը:
Թորոսյանի խոսքով՝ սովորական բժշկական դիմակ գնելու այս մեծ պահանջարկը տեղին չէ և անիմաստ է, եթե հիվանդ չես կամ բուժաշխատող չես։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







