Իրանի փորձագետների խորհրդի անդամ Հաշեմ Բաթհային մահացել է կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից: Այս մասին հայտնել Է IRNA գործակալությունը։
Նշվում է, որ քաղաքական գործչի մահը վրա է հասել Կում քաղաքի հիվանդանոցներից մեկում, որտեղ նա երկու օր առաջ հոսպիտալացվել էր:
Վերջին պաշտոնական տվյալների համաձայն՝ Իրանում հիվանդացածների թիվը կազմում է 13 938 մարդ, մահացել է առնվազն 724 մարդ։
Հիվանդությունը հայտնաբերվել է մի շարք իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում ՝ Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրիի, զբոսաշրջության, մշակութային ժառանգության և արհեստների նախարար Ալի Ասգար Մունեսանի և առևտրի, արդյունաբերության և հանքերի նախարար Ռեզա Ռահմանի մոտ: Բացի այդ, դրական են եղել երկրի Մեջլիսի (խորհրդարանի) 23 պատգամավորների թեստերի արդյունքները։
Նշենք, որ Իրանի փորձագետների խորհուրդը պետական մարմին է, որի մեջ մտնում են 88 հեղինակավոր աստվածաբաններ։ Նրա հիմնական գործառույթը երկրի ղեկավարի և հոգևոր առաջնորդի ընտրությունն է։ Բացի այդ, նրա պարտականությունների մեջ է մտնում Սահմանադրության փոփոխությունների մշակումը և Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում Իրանի ղեկավարի հրաժարականի մասին որոշման կայացումը:
Հիշեցնենք, որ Իրանի առողջապահության նախարարությունը փետրվարի 19-ին հայտնել է երկրում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերի մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







