Երեք տարի առաջ Ադրբեջանն էր պատերազմով վախեցնում, հիմա Սերժ Սարգսյանն ու Հանրապետականն է պատերազմով վախեցնում։ Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, Վայքում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով գործող կառավարության հասցեին հնչող քննադատություններին, թե իրենց վարած քաղաքականությունը հանգեցնելու է պատերազմի։
«Եթե դուք այդպիսի հմուտ քաղաքականություն էիք վարում, ապա այնպես անեիք, որ 2016 թվականի պատերազմը չլիներ։ Ձեր դիվանագիտությունն այն է եղել, որ ինչքան օտար անձնագրով մարդ եք տեսել «կոշիկները լիզել եք»։ Ողբերգությունն այն է, որ «կոշիկ լիզել եք» մեր անունից, բայց մենք «կոշիկ լիզող» չենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ այսօր կան մարդիկ, որոնց հեղափոխությունից հետո պաշտոններ ու վստահություն են տրվել, և պարզվում է, որ նրանց ևս դուրս է եկել «եվրոպական կոշիկների» համը։
«Երկրի բարձրագույն պաշտոնյաները, ովքեր գտնվում են վարչապետի ուղիղ հրամանատարության ներքո, վարչապետի թիկունքում «կոշիկներ են լիզել» և դրա համար եմ աշխատանքից հեռացրել»,- ասաց վարչապետը՝ տեղեկացնելով, որ հիմա էլ դարձել են քաղաքական գործիչ և արժանին կստանան՝ հավելելով, որ գալիս, ասում են «պատիվ ունեմ», բայց ոչ մի պատիվ էլ չունեն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



