Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, բայց դա չի նշանակում առանձին պաշտոնյաներ կաշառք չեն վերցնում: Այս մասին այսօր՝ փետրվարի 12-ին, քարոզարշավի շրջանակում Ջերմուկում տեղի ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդպես կշարունակվի, քանի դեռ ժողովուրդը աջակցում է գործող քաղաքական իրողություններին։
«Երբ մենք ասում ենք համակարգային կոռուպցիա չկա, նկատի ունենք, որ վերացել է այն երևույթը, երբ պաշտոնյան վերցնում է 1000 դրամ, կեսը պահում իրեն, 200 դրամը տալիս ղեկավարին, հետո այդ ղեկավարն այդ 200-ի կեսը պահում է իրեն, կեսը տալիս իր ղեկավարին և այլն։ Հայաստանում դա այլևս չկա։ Բայց կարո՞ղ եմ արդյոք ասել, որ այսօր ոչ մի պաշտոնյա կաշառք չի վերցնում։ Իհարկե, չեմ կարող։ Մենք ամեն շաբաթ պաշտոնյա ենք բռնում կաշառքի վրա, ամեն շաբաթ», – շեշտեց վարչապետը։
Անդրադառնալով նրան, թե ի՞նչ պետք է անել, որ սրան վերջ տրվի, Փաշինյանը նկատեց, որ հանրաքվեն դրան է միտված՝ ընդգծելով, որ մինչև դատական համակարգի հարցը չլուծվի, այս նյարդային մթնոլորտը շարունակվելու է։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



