Վրաստանի հետ սահմանը փակելու որևէ որոշում չի քննարկվում․ այս պահին դրա անհրաժեշտությունը դեռ չկա։ Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, Ծիծեռնակաբերդում պատասխանելով լրագրողների՝ կորոնավիրուսից Հայաստանը զերծ պահելու կանխարգելիչ աշխատանքների մասին հարցին, նշել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Հարցին՝ ազգային անվտանգության լուրջ խնդիր չի՞ լինի, եթե փակ լինեն թե՛ Իրանի, թե՛ Վրաստանի հետ սահմանները, Գրիգորյանը նկատեց, որ նախնական պրոֆիլակտիկ մի շարք քայլեր են արվել, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գշխավորությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, որը կապի մեջ է հարևան երկրի առողջապահության պատասխանատուների հետ:
«Իրանի մասով որոշում արդեն կայացվել է, և այդ մասում որոշակի սահմանափակումներ ունենք: Օնլայն ռեժիմով կապի մեջ են բոլոր գերատեսչությունները և՛ ներսում, և՛ Հայաստանից դուրս: Վտանգի դեպքում համապատասխան որոշումներ կկայացնենք»,- ասել է ԱԽ քարտուղարը:
Նշենք, որ փետրվարի 25-ին ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության որոշումը՝ Իրանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելու մասին:
Ըստ այդմ՝ երկշաբաթյա ժամկետով սահմանափակվել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը՝ թույլատրելով միայն
1) ցամաքային հաղորդակցության դեպքում՝
ա. Իրանի Իսլամական Հանրապետությունից բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մուտքը Հայաստանի Հանրապետություն: Ընդ որում, թույլատրվում է միայն տրանսպորտային միջոցի վարորդի և փոխարինող մեկ վարորդի մուտքը,
բ. Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների վերադարձը Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն,
գ. Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վերադարձը Հայաստանի Հանրապետություն,
դ. Իրանի Իսլամական Հանրապետությունից պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց և նրանց ուղեկցողների մուտքը,
ե. Իրանի Իսլամական Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների մուտքն ու ելքը։
2) Օդային հաղորդակցության դեպքում՝ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «բ»-«ե» պարբերություններով նախատեսված անձանց մուտքը (վերադարձը):
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







