Փետրվարի 26-ին տեղի են ունեցել ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հրավիրած խորհրդարանական լսումները՝ նվիրված ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին:
Ինչպես հայտնում է Խորհրդարանի մամուլի ծառայությունը, լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, Կառավարության, դիվանագիտական կորպուսի, միջազգային կառույցների և քաղհասարակության ներկայացուցիչներ:
Բացման խոսքով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը և ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
ՀՀ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը նշել է, որ ԵՄ-ն Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է: Ըստ նրա՝ ԵՄ-ն Հայաստանի համար կարևոր գործընկեր է ՀՀ կառավարության կողմից որդեգրած բարեփոխումների հավակնոտ օրակարգի կյանքի կոչման համար, հատկապես դատական և ոստիկանական բնագավառներում բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության, էներգետիկ, բնապահպանության և մի շարք այլ ոլորտներում ցուցաբերած նշանակալի աջակցությամբ: Նշվել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններն ակտիվորեն զարգանում են թե՛ երկկողմ և թե՛ բազմակողմ հարթակներում: «ՀՀ կառավարությունը կարևորում է ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացում քաղհասարակության դերակատարման բարձրացման հարցը»,-ասել է փոխնախարարը: Նա վերահաստատել է, որ ԵՄ-ն շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ միտված ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Անդրադառնալով մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի հարցին՝ փոխնախարարը նշել է, որ ԱԳՆ-ի կողմից այդ ուղղությամբ տարվում են հասցեագրված աշխատանքներ թե՛ ԵՄ համապատասխան կառույցների, թե՛ ԵՄ անդամ երկրների հետ: Այդ նպատակով ստեղծված միջգերատեսչական պատվիրակությունն առանձին այցեր է իրականացրել ԵՄ անդամ մի շարք երկրներ:
Ադոնցը հիշեցրել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հիմքը դեռևս 2017 թվականին ստորագրված CEPA (Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր) համաձայնագիրն է: Նրա դրույթների 80%-ի իրացումն սկսվել է 2018 թվականին։ Ադոնցի խոսքով՝ այս փաստաթուղթը Երևան-Բրյուսել հարաբերությունների յուրօրինակ Սահմանադրությունն է։
«Այդ փաստաթղթի դրույթների մնացած 20 տոկոսն ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ ԵՄ բոլոր երկրները վավերացնեն CEPA-ն։ Այս պահին ԵՄ 22 երկրներում վավերացման գործընթացն ամբողջությամբ ավարտված է, ևս 5 երկրներում մոտ են ավարտին»,-հայտնել Է դիվանագետը։
Ադոնցը նշել է, որ ԱԳՆ-ն նպատակային աշխատանք է տանում վիզային ռեժիմի ազատականացման հարցի լուծման ուղղությամբ։
«Աշխատանքներն ընթանում են ինչպես ԵՄ համապատասխան կառույցների, այնպես էլ Եվրամիության անդամ երկրների հետ, քանի որ հենց նրանք են ի վերջո համապատասխան որոշում կայացնելու»,-նշել է Ադոնցը:
Այդ հարցի լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական պատվիրակությունը այցեր է կատարել Գերմանիա, Ավստրիա, Բելգիա, Նիդերլանդներ և Լյուքսեմբուրգ, ինչպես նաև Շվեդիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Իսպանիա և Չեխիա: Ընդ որում, փոխնախարարը պարզաբանել է, որ այս փուլում խոսքը միայն այդ հարցի շուրջ բանակցություններ սկսելու հեռանկարների մասին է, այլ ոչ թե վիզային ռեժիմի անմիջական չեղարկման:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







