Եվրամիությունը կարող է սահմանափակող միջոցներ կիրառել այն սոցիալական ցանցերի և հաղորդակցության այլ հարթակների նկատմամբ, որոնք կհրաժարվեն բովանդակության հսկողությունից և ֆիլտրումից՝ նպատակ ունենալով հեռացնել կեղծ տեղեկատվությունը, ատելություն սերմանող կոչերը և եվրոպական ժողովրդավարության այլ սպառնալիքները: Այս մասին երկուշաբթի հայտարարել է արդյունաբերության հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնը՝ Բրյուսելում Facebook ընկերության ղեկավար Մարկ Ցուկերբերգի հետ հանդիպման արդյունքներով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Սոցիալական ցանցերը, մասնավորապես, Facebook-ը, անշուշտ, պատասխանատվություն են կրում եվրոպացի օգտատերերի, ինչպես նաև մեր ժողովրդավարության առջև։ Մենք շատ ենք խոսել այն մասին, որ պետք է լրջորեն աշխատել՝ ապահովելու ամբողջական վերահսկողություն իրենց բովանդակության ամբողջ ծավալի նկատմամբ. Եթե եվրոպական շուկայում գործող բոլոր սոցիալական ցանցերը չսկսեն կոնկրետ գործողություններ ձեռնարկել չարաշահումների դեպքում, Եվրահանձնաժողովը ստիպված կլինի ավելի խիստ միջոցներ ձեռնարկել, որոնք սահմանափակիչ բնույթ կկրեն», — հայտարարել է Բրետոնը։
Եվրակոմիսարը նաև ընդգծել է, որ Ցուկերբերգի հետ երկխոսությունը «շատ դրական» էր, և վստահություն է հայտնել, որ Facebook-ի ղեկավարը ճիշտ է հասկացել եվրոպական հանձնակատարի ազդանշանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։






