Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ փետրվարի 18-ին, հանդիպել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ: Այս մասին հայտնում է Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի Հանրապետության և Միացյալ Նահանգների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ: Մասնավորապես, հեռանկարային են համարվել նորագույն տեխնոլոգիաների, հատկապես՝ արհեստական բանականության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը:
Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանում տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM նախագահական նախաձեռնության շրջանակում հնարավոր գործակցությանը, որի նպատակն է Հայաստանը դարձնել արհեստական բանականության և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում առաջատար կենտրոն:
Հանդիպման ընթացքում խոսվել է նաև նախագահական մի շարք նախաձեռնությունների շրջանակում փոխգործակցության մասին, որոնք միտված են Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացմանն ու մեր երկրի նկատմամբ հետաքրքրության աճին:
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև ապրիլի 5-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հանրաքվեի շուրջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







