Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մնացականյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 17-ին Ռիգայի ամրոցում հանդիպել է Լատվիայի նախագահ Էգիլս Լևիթսի հետ։
Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԳ նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։
Զոհրաբ Մնացականյանը շնորհավորել է Էգիլս Լևիթսին վերջերս նախագահի պաշտոնը ստանձնելու առթիվ և նրան փոխանցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները։
Անդրադառնալով Հայաստանի և Լատվիայի միջև հարաբերությունների ներկայիս մակարդակին՝ Զոհրաբ Մնացականյանը և Էգիլս Լևիթսը գոհունակությամբ նշել են, որ հայ-լատվիական հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի վրա։
Էգիլս Լևիթսը և Զոհրաբ Մնցականյանն ըննդգծել են հայ համայնքի կարևոր դերակատարությունը երկու երկրների և ժողովուրդների առավել մերձեցման գործում: Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ մեր հայրենակիցները միաժամանակ հանդիսանում են իրենց ազգային ինքնության կրողները և պահապանները:
ՀՀ ԱԳ նախարարը Լատվիայի նախագահին ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները։ Դատաիրավական բարեփոխումների համատեքստում Զոհրաբ Մնացականյանը կարևորել է միջազգային և տարածաշրջանային գործընկերների աջակցության համակարգումը, առկա փորձագիտության արդյունավետ օգտագործումը:
Եվրոպական միության և ԵՄ երկրների հետ գործընկերության համատեքստում՝ երկուստեք արժևորվել է Արևելյան գործընկերությունը՝ որպես ընդհանուր արժեքների և նախանշված նպատակների հիման վրա ձևավոված արդյունավետ, մեծ ներուժ պարունակող հարթակ:
Լատվիայի նախագահը և Հայաստանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային զարգացումների և դրանց նկատմամբ ունեցած դիրքորոշումների շուրջ։
Զոհրաբ Մնացականյանը Լատվիայի նախագահին ներկայացրել է նաև Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումները: Նախագահ Լևիթսը և նախարար Մնացականյանը շեշտել են, որ հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք լինել չի կարող։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







