Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Սերբիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում հանդիպում է ունեցել Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչի հետ։ Արմեն Սարգսյանը առանձնազրույց, այնուհետև ընդլայնված կազմով հանդիպում է ունեցել Սերբիայի նախագահի հետ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ալեքսանդար Վուչիչը ողջունել է Արմեն Սարգսյանին և նշել, որ ՀՀ նախագահը ոչ միայն հիանալի քաղաքական գործիչ է, այլև գործարար՝ նշելով, որ նախկինում մեծ աշխատանքներ են իրականացրել և իսկապես տպավորված է տարբեր հարցերի շուրջ Արմեն Սարգսյանի ունեցած գիտելիքներով։
Ալեքսանդար Վուչիչն ասել է․ «Մենք սիրում ենք հայ ժողովրդին և Հայաստանը: Դուք դրանում կարող եք համոզվել ցանկացած տեղ գնալով և ցանկացած մեկի հետ խոսելով: Շատ հպարտ ենք Հայաստանի հետ մեր ունեցած լավ հարաբերություններով: Կարծում եմ՝ վաղուց արդեն ժամանակն է անցնել գործնական քայլերի»:
Ալեքսանդար Վուչիչը նշել է, որ երկու երկրների քաղաքական հարաբերությունները գտնվում են լավ մակարդակի վրա, սակայն անհրաժեշտ է քայլեր ձեռնարկենլ դրանք ավելի լավը դարձնելու համար և դրա առաջին քայլերից մեկը պետք է լինի Երևանում Սերբիայի նոր դեսպանատան բացումը։
Սերբիայի նախագահն ընդգծել է նաև երկկողմ համագործակցության շրջանակներում թվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտներում համագործակցության կարևորությունը:
«Ունենալով երիտասարդ տաղանդավոր անձինք՝ պետք է օգտագործենք նրանց գիտելիքները»,- ընդգծել է Վուչիչը։
Նախագահ Արմեն Սարգսյանն Ալեքսանդար Վուչիչին հրավիրել է Հայաստան՝ նշելով, որ ուրախ կլինի նրան հյուրընկալել մեր երկրում:
ՀՀ նախագահը համաձայնել է Վուչիչի այդ դիտարկման հետ, որ կան մի շարք ոլորտներ, որոնք հատկապես կարևոր են երկկողմ համագործակցության տեսանկյունից՝ նոր տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, մաթեմատիկական մոդելավորում և այլն:
«Մենք ցանկանում ենք Հայաստանը ներդաշնակեցնել ապագայի հետ, նոր տեխնոլոգիաներ բերել Հայաստան»,- նշել է Արմեն Սարգսյանը։
ՀՀ նախագահը նշել է, որ պետք է տնտեսապես գրավիչ լինել, ունենալ ավանդույթներ գիտության և տեխնոլոգիաների ոլորտում և դա պետք է ապահովվի խոշոր ընկերությունների ներկայությունը:
«Հայաստանում մեծ ջանքեր ենք ներդնում՝ ստեղծելու գաղափարներ, սովորեցնելու նոր տեխնոլոգիաները: Հպարտ կլինեմ Ձեզ և Ձեր գործընկերներին ներկայացնել դրանք»,- նշել է Արմեն Սարգսյանը։
Նախագահ Սարգսյանը ողջունել է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար մուտքի արտոնագրային ռեժիմի վերացման և Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի Հանրապետության դեսպանության բացման սերբական կողմի որոշումները՝ նշելով, որ դրանք երկու երկրների հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ կարևոր քայլ են։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



