ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության՝ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ոստիկանապետի համար թեկնածուին ներկայացվող պահանջներ սահմանելու վերաբերյալ նախագծում կառավարության առաջարկով արվել են ավելացումներ: Մասնավորապես առաջարկվել է ոստիկանության պետի տեղակալի նշանակման գործընթացը ևս ազատականացնել:
Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ներկայացրեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը։
Էդմոն Մարուքյանի խոսքով՝ առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկումների ընթացքում նախագծի վերաբերյալ ստացել են մեկ գրավոր առաջարկ՝ ԲՀԿ-ի կողմից:
Առաջարկով՝ մասնավորապես առաջարկվել է աշխատանքային ստաժի պահանջի ավելացման խնդիրը լուծել: Սակայն Մարուքյանի կարծիքով՝ ըստ էության աշխատանքային ստաժի ավելացման խնդիրն իմաստազուրկ է դարձնում նախագիծը:
Մարուքյանի խոսքով՝ ըստ էության ԱԱԾ և ոստիկանության պետ կարող է նշանակվել ԱԺ պատգամավորի թեկնածուի համար Սահմանադրությամբ նախատեսված չափորոշիչներին համապատասխանող անձը: Նախագծով ԱԱԾ տնօրեն և ոստիկանապետ նշանակվելու համար դրվում է վերջին 4 տարում ՀՀ քաղաքացի լինելու, Հայաստանում բնակվելու և 25 տարին լրացած լինելու պահանջը՝ ավելացնելով, որ տարիքի շեմը շահարկումների առիթ էր դարձել:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







