ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հոկտեմբերի 23-ին ընդունել է Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։
Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ ներկայացուցչական բարձր կազմով առանձնացող այս այցն իր նպաստը կբերի հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության և երկու ժողովուրդների միջև կապերի առավել ամրապնդմանը:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին հայ-ֆրանսիական բազմաշերտ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ ընդգծելով փոխշահավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ ջանքերի գործադրման անհրաժեշտությունը: Երկուստեք ընդգծվե գործարար շրջանակների միջև կապերի խթանմանը, ինչպես նաև կրթության և մշակույթի բնագավառներում գործակցության ամրապնդմանն ուղղված համատեղ ծրագրերի մշակման և կյանքի կոչման կարևորությունը:
Զրուցակիցներն ընդգծել են Ֆրանսիայի և Հայաստանի միջև ապակենտրոնացված համագործակցության և վերջինիս ընձեռած հնարավորությունների կարևորությունը՝ այս համատեքստում ընդգծելով Արցախի և Ֆրանսիայի միջև ապակենտրոնացված համագործակցության խթանման անհրաժեշտությունը։
Հանդիպման շրջանակներում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հարցերի վերաբերյալ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







