ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 4-ին ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինին:
Հանդիպման ընթացքում վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի համար մեծ արժեք է ներկայացնում բարեփոխումների ժամանակաշրջանում Եվրոպական միության հետ համագործակցությունը։
Նա հավելել է, որ հեղափոխությունից հետո ԵՄ-ն Հայաստանի ժողովրդավարական օրակարգի կարևորագույն գործընկերներից է։
«Արդյունավետ ենք համարում ԵՄ հետ քաղաքական երկխոսությունը և պատրաստ ենք համատեղ ակտիվ աշխատել՝ առավել արդյունավետ դարձնելու մեր գործընկերությունը»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը անդրադարձել է ՀՀ-ում ընթացող բարեփոխումների հարցին՝ դատաիրավական, ընտրական համակարգի, հակակոռուպցիոն քաղաքականության, ինչպես նաև տնտեսական զարգացմանը միտված ծրագրերային ոլորտներում:
Անդրեա Վիկտորինին իր հերթին նշել է, որ ԵՄ-ն վերահաստատում է իր շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին, որոնք միտված են Հայաստանի զարգացմանը՝ հիմնված օրենքի գերակայության և մեր ընդհանուր արժեքների վրա։
Նա հավելել է, որ տպավորված է Հայաստանում տարբեր բնագավառներում իրականացվող փոփոխություններով:
«Եվրամիությունը շարունակելու է օժանդակել Հայաստանին ժողովրդավարության հզորացման գործում՝ վարչապետի նշած ոլորտներում, ինչպես նաև հարստացնել ՀՀ-ԵՄ գործընկերությունը փոխշահավետ նոր ծրագրերով ու նախաձեռնություններով»,- նշել է ԵՄ դեսպանը։
Նիկոլ Փաշինյանը և Անդրեա Վիկտորինը քննարկել են Հայաստան-Եվրամիություն օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ․ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, Արևելյան գործընկերությանը, համատեղ նոր ծրագրերի իրականացմանը և այլն։
Կողմերը կարևորել են նաև ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացի շուրջ բանակցությունների առնչությամբ քայերի ձեռնարկաման մեկնարկը։
Զրուցակիցները անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին: ԵՄ դեսպանը նշել է, որ Եվրամիությունը հակամարտության կարգավորումը տեսնում է միայն բանակցային գործընթացի և խաղաղ կարգավորման մեջ՝ երկխոսության մթնոլորտում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







