Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը այսօր՝ հոկտեմբերի 28-ին, մերժեց Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի (ում լիազորությունները դադարեցվել են) պաշտպան Արսեն Սարդարյանի միջնորդությունը՝ վերացնելու Սանասարյանի` ՊՎԾ պետի լիազորությունները դադարեցնելու հարկադրանքը:
Դավիթ Սանասարյանի պաշտպաններից Ինեսսա Պետրոսյանը դատարանին միջնորդություն ներկայացրեց դատակոչի ցուցակը լրացնելու համար: Դատարանը բավարարեց միջնորդությունը: Այսպիսով, դատարան կհրավիրվի նախաքննության ընթացքում հարցաքննված 4 անձ, այդ թվում՝ ՊՎԾ նախկին մամուլի խոսնակ Զարուհի Մեջլումյանը:
Դավիթ Սանասարյանի պաշտպան Արսեն Սարդարյանը ևս մեկ միջնորդություն ներկայացրեց, որպեսզի իր պաշտպանյալի գործը մյուս 3 ամբաստանյալների գործից անջատվի: Դատարանը մերժեց միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում են ՊՎԾ նախկին պաշտոնյաներ Գևորգ Խաչատրյանը, Սամվել Ադյանը և «Զորաշեն» ՍՊԸ-ի տնօրեն Տարոն Ավետիսյանը:
Մեղադրական եզրակացության համաձայն՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար, ունենալով ծառայության անմիջական ղեկավարումն իրականացնելու, ծառայության աշխատակիցներին նշանակելու և ազատելու, կարգապահական տույժի ենթարկելու, վերահսկվող օբյեկտներում ուսումնասիրություններ իրականացնելու հանձնարարագրեր տալու, վերահսկվող օբյեկտներից ծառայության գործառույթներին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր պահանջելու լիազորություններ, խմբային շահերից ելնելով, իր պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ, ինչպես նաև չի կատարել իր ծառայողական պարտականությունները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







