Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի ներդրումային հիմնադրամի՝ Qatar Investment Authority-ի ներդրումների մասով ղեկավար Ահմեդ Ալի Ալ Համադիի և տարածաշրջանային պատասխանատու Ֆաիսալ Թանի Ալ Թանիի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից:
Կատարի ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչների հետ հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի գլխավոր տնօրեն Դավիթ Փափազյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի հետ համագործակցության հեռանկարները, ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև կարևորվել է Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի և Qatar Investment Authority-ի միջև արդյունավետ փոխգործակացության հաստատումը։
Նշենք, որ Qatar Investment Authority-ը Կատարի պետական ներդրումային հիմնադրամն է, որը ներդրումային ծրագրեր է իրականացնում ինչպես երկրի ներսում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Ներդրումային հիմնական ուղղություններից են համարվում անշարժ գույքի, արժեթղթերի և այլ ոլորտները։ Qatar Investment Authority կողմից կառավարվող ակտիվների ծավալը գնահատվում է շուրջ 335 միլիարդ դոլար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







