ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ նոյեմբերի 26-ին, ընդունել է ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը։
Զոհրաբ Մնացականյանը նշեց, որ տարբեր մակարդակներով նմանօրինակ կանոնավոր փոխշփումները վկայում են ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի գրասենյակի և ՀՀ համապատասխան պետական մարմինների միջև հաստատված սերտ և կառուցողական համագործակցության մասին:
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ Հայաստանը մշտապես սատարում է գրասենյակի մարդկային և ֆինանսական կարողությունների ամրապնդմանը, առկա երկխոսության շարունակականության ապահովմանը՝ վերահաստատելով իր աջակցությունը ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչի կողմից նախաձեռնված բարեփոխումներին:
Հանդիպման ընթացքում Զոհրաբ Մնացականյանն ու Արլեմ Դեզիրը քննարկել են ԵԱՀԿ տարածաշրջանում մամուլի ազատությանն առնչվող հարցեր:
Նշենք, որ Արլեմ Դեզիրը Հայաստանում է գտնվում Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության 15-ամյակին նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







