ՀՀ ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը իր Ֆեյսբուքյան էջում գրառում էարել՝ պատասխանելով ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի երեկվա հայտարարությանը:
«Նախկին ընկերներն այլևս ընդհանուր ընկերներ չեն կարող ունենալ: Դուք ձեր շրջապատն ու ընկերներին ընտրել եք դեռևս 2008-ի մարտի 1-ից հետո և շարունակաբար հանդես եք եկել այդ շրջապատի շահերի սպասարկուի դերակատարմամբ: Այս դեպքը ևս բացառություն չէ. հերթական անգամ «սիրելի ընկերներին» հաճոյանալով` փորձում եք ձեզ անվերապահորեն ծառայություններ մատուցող լրատվականներով տարածել դատարկ կեղծիքներ:
Հավանաբար ձեր զառանցանքների պատճառն այն է, որ ոստիկանությունը ձեր բնակարան չափից դուրս «շնորհքով է ներխուժել», չնայած դուք վաղուց ի վեր այդ մեծահոգությանը արժանի չեք, հակառակ դեպքում հիմա որևէ հնարավորություն չէիք ունենա դատարկաբանելու:
Դուք մշտապես ձեր անձնական շահի թելադրանքով ջանք չեք խնայել «ընկերություն» առաջարկելու տվյալ պահի իշխանություններին»:
Քոչարյանը նշել է, որ նախաքննության ընթացքում դեռ առիթ կունենան ասելու, թե ով է այդ «ընդհանուր ընկերը», որ Ռուբեն Հայրապետյանին նման բան է «փոխանցել»։
«Այնպես որ հանգիստ նստեք ձեր տեղը և հնարավորության դեպքում վերընթերցեք ժամանակին ձեր և Սերժ Սարգսյանի փոխհարաբերությունների վերաբերյալ գրված հոդվածները, իսկ ես ձեզ վստահեցնում եմ` հետագայում դուք անսահմանափակ ժամանակ կունենաք արժեքավոր ընթերցանությամբ զբաղվելու:
Հարգանքով` ձեր բնորոշմամբ նախկին ընկեր` Անդրանիկ Քոչարյան»,- եզրափակել է պատգամավորը։
Հիշեցնենք, որ երեկ նախկին պատգամավորը հայտարարել էր, որ Անդրանիկ Քոչարյանը փոխանցել է, որ ինքը լքի երկիրը, որովհետև Նիկոլ Փաշինյանը հրաման է տվել, որ իրեն «բռնեն»:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







