Հայկական պատվիրակության նոր կազմի ձևավորումից մեկ տարի անց հաջողվեց զգալի հաջողությունների հասնել ԵԽԽՎ-ում։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանը: Նրա խոսքով՝ ԵԽԽՎ նստաշրջանի շրջանակներում «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Իգիթյանն ընտրվել է ամենախոշոր քաղաքական խմբերից մեկի՝ ALDE (The Alliance of Liberals and Democrats for Europe) խմբակցության փոխնախագահ, ԵԽԽՎ Մարդու իրավունքների ենթահանձնաժողովի նախագահ ընտրվել է Վլադիմիր Վարդանյանը, Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ՝ Էդմոն Մարուքյանը, Մեդիայի և տեղեկատվական հասարակության ենթահանձնաժողովի փոխնախագահ՝ Սոս Ավետիսյանը։
«Մեր պատվիրակության վերջին տարվա գործունեության գնահատականը չէր կարող լինել վատ, քանի որ մեր պատվիրակության ներկայացուցիչներն ընտրվել են կարևոր պաշտոնների։ Դա չափազանց կարևոր է ԵԽԽՎ- ում մեր պատվիրակների ազդեցության մեծացման տեսանկյունից», — հայտարարել է նա։
Բացի այդ, հայկական պատվիրակությունը Բաքվում հայերի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության նախագիծ է ներկայացրել:
«Մեզ հաջողվել է բավական ստորագրություններ հավաքել, և այսօր այդ հայտարարությունները հրապարակվել են ԵԽԽՎ պաշտոնական կայքում», — նշել է նա:
«Ձմեռային նստաշրջանի ընթացքում քննարկվում էր Ադրբեջանում քաղբանտարկյալներին վերաբերող բանաձևը, որն ընդունվեց: Սրանով կրկին ֆիքսվեց Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցը: Ադրբեջանցի պատվիրակները շատ ծանր տարան այդ փաստը, բայց նրանք ունեն այն, ինչ ունեն», — նշեց Ռուբինյանը:
Իր հերթին, պատվիրակության անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ տարիներ շարունակ ադրբեջանական պատվիրակությանը հաջողվել է տապալել այդ բանաձևի ընդունումը կոռուպցիոն սխեմաների կիրառմամբ:
Նրա խոսքով, բանաձևի ընդունմամբ ակնհայտ է դարձել, որ Բաքվի կողմից կիրառվող կոռուպցիոն սխեմաներն առնվազն ԵԽԽՎ-ում այլևս չեն աշխատում: Զոհրաբյանն ընդգծել է, որ գոյություն ունեցող կոռուպցիոն սխեմաների բացահայտման գործում իրենց լուման են ներդրել նաև ԵԽԽՎ-ում երկար տարիներ աշխատած հայ պատգամավորները: Զոհրաբյանի գնահատմամբ՝ հենց այդ ջանքերի շնորհիվ է, որ ԵԽԽՎ-ում ադեկվատ մթնոլորտ է ձևավորվել։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







