Ես կողմնակից եմ, որ մեր մշակույթում ամրանա ժողովրդին դիմելու գործընթացը։ Նման կարծիք է հայտնել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում։
Նախագահը հարցազրույցում անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին։ Արդյո՞ք ստորագրելու է համաժողովրդական հանրաքվեի մասին Ազգային ժողովի որոշումը՝ Նախագահը մասնավորապես, ասել է.
«Ինչ-որ սպասելիք կա Հանրապետության նախագահից՝ պարբերաբար կարծիք լսել այս կամ այն երևույթի, քրեական կամ ոչ քրեական գործունեության կամ օրենքի ընդունման կամ չընդունման առիթով: Հանրապետության նախագահը չպետք է որևէ ձևով խառնվի ո՛չ գործադիր իշխանության, ո՛չ նրա առանձին ճյուղերի՝ լինեն դրանք տնտեսական, ուժայիններ կամ արտաքին քաղաքականության, գործունեությանը: Համագործակցել, խորհուրդ տալ, աջակցել՝ այո, բայց խառնվել նրանց գործին, մանավանդ՝ հանրային ոլորտում կարծիք հայտնել այս կամ այն խնդրի, երևույթի վերաբերյալ՝ լինի գործադիրը, թե օրենսդիրը, կամ նույն Սահմանադրական դատարանը, իհարկե, ո՛չ: Սահմանադրությունը չի ենթադրում, որ նախագահը նաև մեկնաբանի այն:
Նախագահը Սահմանադրության, օրենքների մեկնաբան չէ: Նրա հիմնական գործիքը խոսքն է և իր ստորագրությունը՝ որոշ դեպքերում:
Հանրապետության նախագահը տվյալ պահին ունի երկու ընտրություն՝ օրենքը ստորագրել կամ չստորագրել, և որոշակի ժամանակից հետո Ազգային ժողովի կողմից օրենքը կյանքի է կոչվում:
Այդ օրենքը չի ուղարկվում Սահմանադրական դատարան, քանի որ չի հակասում վերջինիս: Սակայն նախագահն ինքը խորը գիտակցում ունի, որ տվյալ օրենքը, գուցե չի հակասում Սահմանադրությանը, սակայն կարող է վնասակար դեր ունենալ այս կան այն խնդիրը լուծելու հարցում: Նախագահը պետք է որոշում ընդունի: Որոշ երկրներում լուծումը կարող է լինել այն, որ նախագահն ունի վետոյի իրավունք: Այսինքն՝ վետո դնելով, Սահմանադրական դատարան չուղարկելով՝ նախագահը ցույց է տալիս հանրությանը, որ համաձայն չէ օրենքի հետ: Եվ գործադիր ու օրենսդիր իշխանություններին ասում է՝ սիրելի բարեկամներ, խնդրում եմ այս օրենքը նորից քննարկել, քանի որ այս ձևով այն ընդունելի չէ: Վետո դնելը պետք է պատճառաբանված լինի, այսինքն՝ նախագահը վետո է դնում՝ ելույթ ունենալով կամ իր ուղերձը ուղարկելով և բացատրելով, թե ինչու է վետո դրել»,-ընդգծել է նախագահը:
Ըստ Նախագահի՝ ամենակարևոր օրենքը Սահմանադրությունն է. «Սահմանադրությունն այն սահմաններն են, կարմիր գծերը, որոնք մենք չպետք է անցնենք: Սակայն այդ կարմիր գծերի ներսում կյանքն է եռում և իր օրինաչափությունն ու օրենքներն ունի: Հետևաբար, եթե հնարավորություն լիներ դիմել Ազգային ժողովին և ասել՝ հարգելի պատգամավորներ, նախագահն այս օրենքը ուղարկում է կրկին ձեր ուշադրությանը և գտնում է, որ այսպիսի վտանգներ կան… Դրանից հետո Ազգային ժողովը կարող է քվեարկել, կամ Ազգային ժողովը մերժում է նախագահին և օրենքի ուժով ստիպում ստորագրել կամ նորից է քննարկում: Այսինքն՝ ավելի լայն լիազորություններ կարող էին լինել, որտեղ նախագահն իր վերաբերմունքը տվյալ օրենքին արտահայտում է՝ ոչ միայն այն սահմանադրական է, թե ոչ սահմանադրական…
Ես ուշի ուշով հետևել եմ՝ վերջին օրերին ինչ է կատարվում: Ազգային ժողովից համապատասխան փաստաթղթեր մենք դեռ չենք ստացել: Երբ կստանանք, ես հանրությանը կներկայացնեմ իր վերաբերմունքը. նորից հարցը չի վերաբերելու պարզ ստորագրել-չստորագրելուն»,-ասել է Նախագահը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ նախագահը չստորագրեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքները՝ դրանք ուղարկելով Սահմանադրական դատարան, նախագահ Սարգսյանն ասել է. «Պատասխանը շատ պարզ է՝ քանի որ իրավաբանական վարչությունը, խորհրդատուները, նաև այն իրավաբանները, որոնց կարծիքը ես շատ հաճախ հայցում եմ, որոնք մասնագետ են և՛ օրենքի, և՛ սահմանադրական իրավունքի, նշել էին, որ տվյալ օրենքներում կան հնարավոր հակասություններ Սահմանադրության հետ: Իհարկե, վերջնական պատասխանը պետք է տա Սահմանադրական դատարանը:
Սակայն, եթե մի կողմ դնենք օրենքի սահմանադրականությունը, կա նաև օրենքի ազդեցությունը հանրության վրա: Օրենքը օրենք է, սակայն դրա իրական արժեքը մենք գնահատում ենք, երբ այն սկսում է կիրառվել կյանքում: Հաշվի առնելով իմ կյանքի փորձառությունը, և մանավանդ վերջին շրջանում ես հանրության տարբեր խմբերի հետ հանդիպումներ ունեցա՝ բանկային ոլորտ, գործարարներ, ներդրողներ…Բացարձակ մեծամասնությունը բացասական վերաբերմունք ունի: Այստեղ ես կկանգնեմ: Չեմ ցանկանա վերլուծել:
Իրական պատճառն այն է, որ օրենքը, մեր կարծիքով, ունի Սահմանադրության հետ հակասություններ, ուստի ուղարկվել է Սահմանադրական դատարան»:
«Ես կողմնակից եմ, որ մեր մշակույթում ժողովրդին դիմելը, որպես գործընթաց, ամրանա: Դա ծայրահեղ միջոց չէ: Ժողովրդին դիմելու մի քանի միջոցներ կան, որոնցից մեկը հանրաքվեն է, մյուսը՝ կամքի արտահայտությունը՝ պլեբիսցիտը: 21-րդ դարում, կարծում եմ, սա շատ արժեքավոր է: Մենք բոլորս հիմնականում ապրում ենք երկու կյանք՝ վիրտուալ և իրական: Վիրտուալ կյանքը կարծես թե դառնում է այն կյանքը, որտեղ իրականում ապրում ենք, այսինքն՝ բուռն քննարկումներ, ելույթներ, կարծիքներ, հսկայական քանակությամբ ֆեյքեր, որտեղ դու չես կարողանում տարբերակել իրականը ոչ իրականից, ճշմարիտը արհեստականից: Ժողովրդի կամքի արտահայտությունը չի կապվում այս կամ այն օրենքի հետ, այլ՝ կապվում է ժողովրդի վերաբերմունքի հետ: Կան երկրներ, որտեղ դա շատ հաջող է կիրառվում և ոչ միայն կիրառվում է, այլև դարձել է կյանքի մի մաս, այսինքն՝ հանրությանն ավելի ակտիվ ձևով մասնակից դարձնել որոշումներ ընդունելուն, քաղաքական կյանքին, տնտեսական զարգացմանը: Շվեյցարիայի նման երկրում իշխանությունը նույնիսկ պարզ հարցերով դիմում է ժողովրդին՝ սկսած որևէ տարածքում տրամվայ գործարկելուց մինչև ներգաղթյալների, անվտանգության հետ կապված հարցեր:
Հանրաքվեից վախենալ պետք չէ: 21-րդ դարում «կրկնակի կյանքի» պայմաններում այն նույնիսկ անհրաժեշտություն է դառնում՝ ամպերից իջնել ցած և ժողովրդի կարծիքը պարբերաբար ստանալ»,-ասել է Արմեն Սարգսյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







