Հայաստանի Հանրապետության կառավարությունում այսօր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել ՀՀ քաղաքացիական ավիացիայի զարգացման և ոլորտում առկա խնդիրների լուծման վերաբերող հարցերի քննարկում։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած մամուլի հաղորդագրությունից։
Խորհրդակվության շրջանակներում քննարկվել է Հայաստանում քաղաքացիական ավիացիայի զարգացման հայեցակարգային ծրագրի նախագիծը, որը հնարավորություն կտա հստակեցնել, թե ինչ ռազմավարական ուղղություն է անհրաժեշտ Հայաստանում քաղավիացիայի զարգացման բնագավառում:
«Ժամանակակից աշխարհում գործուն ազգային ավիաընկերություններ ունենալը պետական կարևոր խորհրդանիշերից է, և մեր նպատակն ու ցանկությունը՝ ավիացիոն շուկայում հայկական, ընկերություններ ունենալն է: Հայաստանի դրոշով օդանավերը դեպի Հայաստան և Հայաստանից դուրս թռիչքներ պետք է կատարեն․ դա ինձ համար կասկածից վեր է: Այլ հարց է, թե մենք ինչ ռազմավարությամբ, ինչ մարտավարությամբ, ինչ ճանապարհային քարտեզով պետք է հասնենք այս խնդրի լուծմանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետի խոսքով այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է իրականացնել հաշվարկված, մտածված և հետևողական քաղաքականություն։
«Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի հայկական ավիաընկերությունների գոյությունը, որոնք շուկայում լինեն մրցունակ և կարողանան մրցակցել իրար հետ ու միջազգային իրենց մրցակիցների հետ: Դա մեզ համար աներկբա է: Մենք պետք է հաշվարկված, մտածված և հետևողական քայլերով ընթանանք դեպի այդ նպատակի իրագործումը: Ես համարում եմ, որ այսօրվա քննարկումը այդպիսի ճանապարհի մեկնարկն է»,-ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվել է ՀՀ քաղավիացիայի զարգացման հայեցակարգի նախագիծը: Փաստաթղթում ներառվելիք միջոցառումներն ու ծրագրերը հիմք կծառայեն քաղաքացիական ավիացիայի և վերաբերող ոլորտներում իրականացվող քաղաքականության մշակման, պետական մարմինների իրավասությունների, պատասխանատվության ոլորտների և գործառույթների հստակեցման, իրավական դաշտի բարեփոխման և կոնկրետ գործողությունների պլանի մշակման համար:
Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատկան գերատեսչությունների ղեկավարներին շարունակել քննարկումները ներկայացված առաջարկությունների շուրջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







