Մոսկվայում այսօր բողոքի ակցիաներ են անցկացվել ի պաշտպանություն Խաչատրյան քույրերի: Ակտիվիստները պաստառներով կանգնել են Ալեքսանդր Պուշկինի հուշարձանի մոտ՝ պահանջելով արդարացնել Խաչատրյան քույրերին, ընտանեկան բռնության մասին օրենք ընդունել և ճգնաժամային կենտրոններ ստեղծել բռնության ենթարկված կանանց համար։ «Սոցֆեմ Այլընտրանք» շարժման կազմակերպիչները ցանկացել են անգամ հանրահավաք անցկացնել Մոսկվայի կենտրոնում, սակայն քաղաքապետարանի հետ չեն կարողացել համաձայնեցնել վերջինիս կազմակերպումը։
Խաչատրյան քույրերի աջակցության ակցիաներ են անցկացվել նաև ՌԴ այլ քաղաքներում՝ Պետերբուրգում, Սմոլենսկում և Բլագովեշչենսկում:
Հիշեցնենք, որ Անգելինա, Մարիա և Քրիստինե Խաչատրյանները մեղադրվում են իրենց հոր սպանության մեջ։ Քույրերն ընդունել են մեղքը և ասել, որ իրենց հայրը պարբերաբար իրենց ենթարկել է ֆիզիկական, բարոյական և սեռական բռնությունների։ Փաստաբանները պնդում են, որ իրենց պաշտպանյալները գործել են ինքնապաշտպանության նպատակներից ելնելով, և նրանց դեմ հարուցված դատական գործը պետք է փակել։ Սույն տարվա օգոստոսին ՔԿ-ն հաստատել էր Միխայիլ Խաչատրյանի ՝ դուստրերի նկատմամբ բռնության փաստերը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







