ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ընդունել է «Ավրորա» ամենամյա մրցանակի չորրորդ դափնեկիր, «Օդային կամուրջ Իրաք» (Luftbrucke Irak) կազմակերպության համահիմնադիր և ղեկավար Միրզա Դինայիին: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ ԱԺ լրատվության և հանրության կապերի վարչությունը։
Արարատ Միրզոյանը նշել է, որ իր համար կրկնակի ուրախություն է տեսնել Միրզա Դինայիին որպես «Ավրորա» մրցանակի դափնեկիր։
Արարատ Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Միրզա Դինայիին՝ վերջինիս ցուցաբերած մեծ մարդասիրության համար՝ նշելով, որ Հայաստանը, որը նույնպես անցել է պատմության արհավիրքների միջով և Ցեղասպանություն տեսել, շատ լավ գիտի այն աշխատանքի արժեքն ու նշանակությունը, որ արել է Միրզա Դինային՝ օգնության ձեռք մեկնելով «Իսլամական պետության» կողմից վերահսկվող տարածքներում կտտանքների ենթարկվող եզդի կանանց և երեխաներին:
Միրզա Դինային շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին՝ եզդիական համայնքին ցուցաբերած մարդասիրական աջակցության համար, ինչպես նաև հանդիպմանը ներկա ԱԺ պատգամավոր, եզդի համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանին՝ եզդիների հասարակական կյանքում ակտիվ ներգրավվածության համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։



