ՀՀ Ազգային ժողովն այսօր՝ հոկտեմբերի 23-ին, երկրորդ ընթերցմամբ ընդունեց երթևեկության կանոնների խախտումները նկարահանելու և հավելվածի միջոցով ոստիկանությանը փոխանցելու օրենքի նախագիծը:
Ըստ նախագծի՝ քաղաքացիները կարողանալու են արձանագրել այլ քաղաքացիների մեքենաների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները։ «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրինագծի հեղինակներն են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արմեն Փամբուխչյանն ու Սիսակ Գաբրիելյանը։
Նախագիծն ընդունվեց 83 կողմ, 24 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։
Նախագծին, ընդհանուր առմամբ, դեմ քվեարկեցին ԲՀԿ խմբակցության պատգամավորները։
Դեռ առաջին ընթերցման ժամանակ այս խմբակցության պատգամավորների կողմից ակնարկներ արվեցին, որ սա «գործ տալու» նախագիծ է։ Նրանցից մեկն ասաց, որ այդ նախագիծը զուրկ է բարոյականությունից, քանի որ մարդկանց իրար դեմ է հանելու, շատերը վատություն անելու համար սկսելու են հետապնդել այլ մարդկանց և արձանագրել նրանց արած խախտումները։
Առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում առաջարկների հիման վրա նախագծում կատարվել էին որոշակի փոփոխություններ: Մասնավորապես, սահմանվել է, որ կառավարությունը կսահմանի ամսական և տարեկան առավելագույն չափը, որով միևնույն քաղաքացուն հնարավորություն կտրվի միևնույն անձի նկատմամբ ուղարկել էլեկտրոնային հաղորդագրություն: Այսինքն` լինելու է սահմանափակում: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Սիսակ Գաբրիելյանը՝ կառավարության հետ նախնական քննարկման արդյունքում կսահմանվի, երևի, ամսական ոչ ավել, քան 1 և տարեկան ոչ ավել, քան 10 էլեկտրոնային հաղորդում՝ 1 անձի կողմից միևնույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







