Հայաստանում 2019 թվականին կանանց կարգավիճակի մասով առաջընթաց է արձանագրվել։ Հայաստանում կանանց կարգավիճակը հետազոտող 2019 զեկույցը հրապարակել է ԱՄՆ Ջորջթաուն ինստիտուտը։ Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»։
Ըստ Ջորջթաուն ինստիտուտի՝ կանանց կարգավիճակը հետազոտող զեկույցի՝ Հայաստանը 2019 թվականին առաջընթաց է գրանցել։ Կանանց խաղաղության ու անվտանգության մասին Ջորջթաուն ինստիտուտի կողմից իրականացված ամենամյա հետազոտությունը հասարակության մեջ ներգրավվածության, հավասար իրավունքների և անվտանգության տեսակետից գնահատում է աշխարհի բոլոր երկրներում կանանց կարգավիճակը։
Հետազոտության համաձայն՝ անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում խորհրդարանում կրկնապատկել է կանանց ներկայությունը՝ այդ ցուցանիշը 10-ից հասցնելով 24 տոկոսի: 2016 թվականից Հայաստանի գյուղական շրջաններում նախաձեռնված ֆինանսական տեղեկատվության տարածման ծրագրերը նույնպես նպաստել են 2019 թվականին Հայաստանում կանանց ներգրավվածության ավելացմանը երկրի ֆինանսա-տնտեսական ոլորտում:
Համաձայն հետազոտության՝ կանանց կարգավիճակի և իրավունքների տեսանկյունից Հայաստանում մեծ խնդիր է նաև սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատման խնդիրը։ Երեխայի սեռը պարզելուց հետո աբորտների թվով Հայաստանն ու Ադրբեջանը կիսում են աշխարհում նախավերջին տեղը՝ զիջելով միայն Չինաստանին։ Հայաստանի հարևան Վրաստանում, Իրանում ու Թուրքիայում իրավիճակն այս առումով անհամեմատ լավ է:
Ըստ հետազոտության արդյունքների՝ 2019 թվականին Հայաստանը 18 կետով բարելավել է 2018 թվականի ցուցանիշները՝ 100-րդ տեղից հայտնվելով 82-րդ տեղում։ Նշենք, որ ինստիտուտն ընդհանուր առմամբ հետազոտություն է իրականացում 167 երկրների շրջանում։ Կանանց կարգավիճակի գնահատման համար հիմք են ընդունվում հետևյալ ցուցանիշները՝ կանանց կրթություն և աշխատանք ստանալու հնարավորությունը, հաղորդակցության և ֆինանսական միջոցներից օգտվելու հնարավորությունը, իշխանության մեջ ներկայացվածությունը, կանանց նկատմամբ խտրական օրենքների և հասարակական նորմերի առկայությունը, ինչպես նաև կանանց պաշտպանվածությունը բռնության տարբեր տեսակներից:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







