Հայաստանի ոստիկանությունը հրաժարվել է քրեական գործ հարուցել ակտիվիստ Շահեն Հարությունյանի նկատմամբ՝ Երևանում Գրիբոյեդովի արձանը ներկելու փաստով: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել Է ՀՀ ոստիկանության լրատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը։
«Ստացվել է նշանակված փորձաքննության եզրակացությունը, ինչի արդյունքում հունվարի 9-ին որոշում է կայացվել քրեական գործի հարուցումը մերժելու մասին` Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (արարքի մեջ հանցակազմ չկա)», — նշել է նա:
Նրա խոսքով, Հարությունյանի գործողությունները ենթակա են վարչական պատասխանատվության (պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության և օգտագործման կանոնները խախտելու հոդվածով):
Տեղեկատվությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատել է Շահեն Հարությունյանը ևս։Նա տեղեկացրել է, որ ոստիկանությանը ներկայացրել է իր գործողությունների գրավոր բացատրությունը։ Ակտիվիստը նաև ենթադրություն է հայտնել, որ իրեն վարչական պատասխանատվության կենթարկեն։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին «Ցեղակրոն» ազգայնական կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ ակտիվիստ Շահեն Հարությունյանը, ներկել էր Ռուսական կայսրության դեսպան, գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







