Չկան սփոփանքի խոսքեր, որոնցով կարելի է մեղմել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի կորստի ցավը։ Այս մասին այսօր՝ հունվարի 19-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։
Վանեցյանը նշեց,որ Գեորգի Կուտոյանն ազնվագույն և պարկեշտ մարդկանցից մեկն էր, ում ճանաչել է, և դժվար է հավատալ, որ նա այլևս իրենց հետ չէ։
ԱԱԾ նախկին տնօրենը ցավակցել է Գեորգի Կուտոյանի հարազատներին, ընկերներին, բարեկամներին և նշել է, որ Կուտոյանի գործով ակնկալում է իրավապահների բազմակողմանի քննություն, որպեսզի հանրության մոտ հարցեր չմնան:
Նշենք, որ այսօր՝ հուվարի 19-ին, Երևանում տեղի է ունենում ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը։ Հոգեհանգստի արարողությանը մասնակցում են պետական ու քաղաքական գործիչներ, պատգամավորներ, Կուտոյանի հարազատներն ու ընկներները և Կուտոյանի մահը սգացող այլ քաղաքացիներ։
Հիշեցնենք, որ հունվարի 17-ին Երևան քաղաքի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի դին՝ հրազենային վիրավորումով։ ՀՀ ՔԿ տարածած տեղեկատվության համաձայն՝ սպանության վայրում հայտնավերվել է 35 հատ կրակված պարկուճ և 6 հատ գնդակ, հյուրասենյակի հատակին հայտնաբերվել է 7 հատ պարկուճ, 1 հատ գնդակ, իսկ հյուրասենյակի հարևանությամբ գտնվող խոհանոցի հատակին հայտնաբերվել է ևս 3 գնդակ: Հյուրասենյակում՝ Կուտոյանի աջ ոտքի ուղղությամբ՝ հատակին, հայտնաբերվել է Glock տեսակի ատրճանակ առանց փամփուշտի։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







