Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վլադիմիր Աղաբեկովին Երախտագիտության մեդալով պարգևատրելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայ-բելառուսական գիտակրթական կապերի ամրապնդման և գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ակադեմիկոս Վլադիմիր Ենոքի Աղաբեկովին (Բելառուս) պարգևատրել Երախտագիտության մեդալով»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:
Նշենք, որ Վլադիմիր Ենոքի Աղաբեկովը Ֆիզիկական քիմիայի բնագավառի խոշոր գիտնական է, Բելառուսի ԳԱԱ նոր նյութերի քիմիայի ինստիտուտի տնօրեն, Բելառուսի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ, քիմիական գիտությունների դոկտոր։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







