ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը ֆեյսբուքյանիր էջում տեղեկացրել է, որ այն բանից հետո երբ երեկ՝ 2020 թվականի հունվարի 23-ին, Վանեցյանի ներկայացուցիչները հրապարակային կարգով ներկայացրել են armtimes .com կայքում 12.01.2020թ. հրապարակված հոդվածում ներկայացված ստահոդ տեղեկությունները հերքելու պահանջը, փաստաբան Արամազդ Կիվիրյանի էլեկտրոնային փոստը կոտրելուն ուղղված «միջոցառումներ» են սկսվել:
«Տեղի ունեցածի վերաբերյալ Gmail ցանցից համապատասխան հաղորդագրություն ստանալուց հետո, էլեկտրոնային փոստն արդեն դարձավ Ա.Կիվիրյանի համար անհասանելի:
Տեղի ունեցածն աննախադեպ խայտառակություն է, ոտնձգություն է ոչ միայն քաղաքացու՝ ՄԻԵԿ 8-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքների, անձնական կյանքի գաղտնիության իրավունքի հանդեպ, այլ նաև ուղիղ հարված է օրենքով պաշտպանված փաստաբանական գաղտնիքին: Նման պայմաններում կարող ենք համարել, որ Հայաստանում այսօր առհասարակ վտանգված է փաստաբանական գործունեությունը»,-ընդգծել է նա:
Սահակյանն ընդգծել է, որ տեղի ունեցածի համատեքստում իրենց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու որևէ փորձ երբեք հաջողությամբ չի պսակվի։
«Նման գործելաոճը հանցավոր է, անխուսափելիորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության»,-նշել է Վանեցյանի ներկայացուցիչը՝ կոչ անելով չտրվել այժմեական գայթակղությունների, սթափվել, վերադառնալ օրենքի ու իրավունքի դաշտ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







