Այսօր՝ հունվարի 25-ին մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը։ Այն մեկնարկել է 100 փաստով՝ Նոր Հայաստանի մասին՝ ՀՀ վարչապետի ներկայացմամբ։
Նիկոլ Փաշինյանն առանձին անդրադարձ է կատարել Առողջապահության ոլորտին և մասնավորապես ծնելիության խրախուման պետական քաղաքականությանը։
Նա նշել է, որ 2020 թվականի հուլիսի 1-ից գործելու են ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր։
«2020 թվականի ընթացքում 6 անգամ կբարձրանա առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50000 դրամից դառնալով 300000 դրամ։ Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը կդառնա 300000 դրամ, նախկին 150000-ի փոխարեն։ 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը 18000 դրամի փոխարեն սահմանվել է 26500 դրամ»,-նշել է Նիկոլ Փաշինյանը։
Վերոնշյալ ծրագրի շրջանակներում անդրադարձ կա նաև խնամքի նպաստներին․ «Գյուղական բնակավայրերում բնակվող ծնողի համար 2020 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում է նշանակել հավելյալ խնամքի նպաստ, որը կկազմի 26500 դրամ։ Այսինքն՝ գյուղական բնակավայրերում բնակվող և միաժամանակ վարձու աշխատող հանդիսացող ծնողին, եթե նա գտնվի մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, կնշանակվի խնամքի նպաստ՝ որպես վարձու աշխատող՝ 26500 դրամ և որպես գյուղական բնակավայրում բնակվող՝ 26500 դրամ, ընդհանուր առմամբ շահառուն կստանա 53000 դրամ»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







