Հայկական սպորտի ներկայացուցիչները ցավակցություն են հայտնել լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանթի մահվան կապակցությամբ:
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ցավակցություն է հայտնել է Բրայանթի մահվան կապակցությամբ։
«Տխուր պահ է համաշխարհային սպորտի համար: Ոգեշնչող, օրինակելի և հավերժ հաղթող մեկն էիր բոլոր մարզիկների համար: Մենք կկարոտենք քեզ Կոբի»,- գրել է Մխիթարյանն իր Ֆեյսբուքյան էջում։
Հունահռոմեկան ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը հիշել է Բրայանթի հետ հանդիպելու պահը՝ Լոնդոնի Օլիմպիական խաղերի ժամանակ:
«Գիշերները՝ ժամը երեքի չորսի կողմ,երբ արդեն չգիտեի էլ ինչով զբաղվել,որ մտքերս ցրվեին,գնում էի ճաշարան, որը 24 ժամ բաց էր,ու այնտեղ շփվում տարբեր մարզիկների հետ,որոնց ճանաչում էի,կամ նոր էինք ծանոթանում…Այդպես մի գիշեր տեսա Կոբի Բրայանթին,ինձանից մի քանի սեղան այն կողմ նստած՝ իր 2 թիմակցի հետ։ Արդեն կրկնակի Օլիմպիական չեմպիոն էր դարձել: Լեգենդար մարզիկ։ Նայում էի ու մտածում,թե քանիսը կուզեին նրա տեղը լինել… Մարզիկ, ով սպորտի պատմություն էր կերտել/կերտում, հանգիստ նստած էր, բոլոր մյուս մարզիկների պես։ Երիտասարդների համար այդ ամենը շատ ուսուցողական է»,-գրել է Արսեն Ջուլֆալակյանը:
Օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն էլ իր Ինստագրամի էջում լուսանկար տեղադրելով գրել է. «Հանգչիր խաղաղությամբ. լեգենդ»:
Հիշեցնենք, որ հունվարի 27-ի առավոտյան Լոս Անջելեսի մոտակայքում վթարի հետևանքով կործանված ուղղաթիռում եղել են NBA-ի լեգենդար բասկետբոլիստ Կոբի Բրայանթը և իր 13-ամյա դուստրը, օդաչուն եղել է հայազգի Արա Զոբայանը։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







