Հունվարի 28-ին՝ կապիտան Արմենակ Ուրֆանյանի ծննդյան և Հայոց բանակի կազմավորման օրվա առիթով Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվեց հերոսի անվան սրահը:
Սրահի բացման համար ֆինանսավորում է հատկացրել «Իմ քայլը» հիմնադրամը և բացմանը մասնակցել էնաև ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։
Բացման խոսքով հանդես է եկել Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ նշելով, որ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում արդեն կար Ռոբերտ Աբաջյանի անվան սրահը,և Արմենակ Ուրֆանյանի մոր թույլտվությամբ բացվել է նաև մյուսը։
«Այսօր լրանում է մեր հերոսի 30-ամյակը: Իր սխրանքով նա մեր ժողովրդին պարգևել է արժանապատվություն ու խաղաղություն, ազատություն և անկախություն»,-ասել է նա։
Կենտրոնի այգում կտնկվի նաև Ուրֆանյանի սիրելի ծառը՝ բալենին։
«Հիմա այստեղ իմ Արմենակի օթևանն է: Դա ինձ ավելի է կապելու այս կենտրոնի հետ: Սա մեծ պատիվ է թե իմ, թե իմ տղայի համար: Ոչ միայն սա, նաև նրան նվիրված շատ այլ միջոցառումները ևս մեծ սփոփանք են ծնողին: Իմ տղան ու իր ընկերներն իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի, հանուն հայ ազգի, և այսօր այդ տղաներին արժևորում են»,-ասաց Արմենակի մայրը՝ Համեստ Ներսիսյանը:
Նշենք, որ «Իմ քայլը» հիմնադրամը իրականացնում է «Աջակցություն Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին» ծրագիրը:
Ծրագրի նպատակն է աջակցել զինվորական ծառայության ընթացքում վնասվածք, խեղում կամ հիվանդություն ձեռք բերած անձանց վերականգնմանը «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում»։ Ծրագիրը, առողջության վերականգնումից զատ, կարևորում է զինհաշմանդամների և վիրավոր զինվորների սոցիալական ինտեգրումը՝ կրթության և հմտությունների ուսուցման միջոցով։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







