Լիբանանի վարչապետ Սաադ ալ Հարիրին հոկտեմբերի 29-ին հանդես է եկել ելույթով, որում հայտարարել է կոալիցիոն կառավարության ղեկավարի պաշտոնից հրաժարական տալու իր որոշման մասին: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
«Ես գնում եմ նախագահական պալատ, որպեսզի պետության ղեկավարին ներկայացնեմ իմ և կառավարության հրաժարականը», — հայտարարել է Լիբանանի վարչապետը։
Վարչապետի խոսքով՝ ինքը փորձել է ելք գտնել ճգնաժամից և պատասխանել ժողովրդի պահանջներին, սակայն իր բոլոր փորձերը փակուղի են մտել։
Նշենք, որ հոկտեմբերի 17-ից Լիբանանում շարունակվում են բողոքի զանգվածային ակցիաները, որոնք կաթվածահար են արել երկիրը: Բեյրութի կենտրոնական հրապարակներում ցուցարարները պահանջում են կոալիցիոն կառավարության հրաժարականը, խորհրդարանի լուծարումը՝ պահանջելով արտահերթ ընտրությունների անցկացում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







