ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարար Նաֆտալի Բենետի հետ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Էսպերի Twitter-յան գրառմանը։
ԱՄՆ պաշտպանության նախարարը նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում անվտանգության և կայունության երկկողմ հանձնառությունը, ինչպես նաև երկրների ռազմավարական գործընկերությունը, որը կառուցվել է վստահության և երկար տարիների համագործակցության վրա։
Հիշեցնենք, որ հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել էր «դարի գործարքի»՝ պաղեստինա-իսրայելական խաղաղ կարգավորման ծրագրի առանցքային դրույթները։ «Դարի գործարքը» ենթադրում է Իսրայելի ինքնիշխանության ճանաչումը Պաղեստինյան տարածքում արդեն հայտնված հրեական բնակավայրերի նկատմամբ, ինչպես նաև արաբական պետության հրաժարումը զինված պայքարից: Բացի այդ, Վաշինգտոնն առաջարկել է Երուսաղեմը դարձնել Իսրայելի մայրաքաղաք, իսկ Արևելյան Երուսաղեմը՝ Պաղեստինի մայրաքաղաք:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտպանել է նախաձեռնությունը և խաղաղ բանակցություններ սկսելու պատրաստակամություն հայտնել: Նեթանյահուն նաև հայտնել է, որ մտադիր է Իսրայելի կառավարության հաստատմանը ներկայացնել արդեն փետրվարի 2-ին Հորդանան գետի Արևմտյան ափին իսրայելական ինքնիշխանության հարցը: Հունվարի 29-ին Իսրայելի կառավարությունում այդ հարցի քվեարկությունը հետաձգվել էր տեխնիկական պատճառներով: Նույն օրը Իսրայելի պաշտպանության նախարար Նաֆտալի Բենետը հայտարարել է երկրի ինքնիշխանության տարածման ուղղությամբ աշխատանքն առաջ մղելու համար հատուկ թիմ ստեղծելու մասին:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







