Նոյեմբերի 21-ին՝ Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակներում, Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ։ Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ Արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Ինչպես փոխանցում է աղբյուրը, Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի անդամ է ընտրվել 2019-2023թթ. ժամանակահատվածի համար, իսկ Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ՝ 41-րդ նստաշրջանի համար։
Կրթության միջազգային բյուրոն ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաջին կատեգորիայի ինստիտուտ է, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ բոլոր պետություններին տրամադրում է կրթության ոլորտում մասնագիտական աջակցություն և փորձաքննություն:
Իրավական կոմիտեն պատասխանատու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կանոնադրության և այլ հիմնարար իրավական ակտերում առաջարկվող փոփոխությունների մեկնաբանման և Գլխավոր կոնֆերանսի փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ներկայացման համար:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







