Այսօր ազդարարվել է ԵՊԲՀ համակարգմամբ Հայաստանում երբևէ շահած առաջին «Հորիզոն-2020» թվիննինգ COBRAIN ծրագրի մեկնարկը: Այս մասին տեղեկատվություն է տարածել ԿԳՄՍ նախարարությունը։ Այդ նպատակով հրավիրված գիտաժողովին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միխայել Բանցհաֆը, Շվեդիայի խորհրդական-դեսպանորդ, գործերի ժամանակավոր հավատարմատար Բիրյեր Կարլսոնը, Եվրահանձնաժողովի և համագործակցող համալսարանների ներկայացուցիչներ և այլ հյուրեր:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ «Հորիզոն-2020» ծրագրի շրջանակում երկար աշխատանք է տարվել, և այս գիտաժողովը դրա նշանակալի արդյունքներից մեկն է:
«Մենք անցյալ տարի Բրյուսելում և Երևանում քննարկումներ ենք ունեցել մեր եվրոպացի գործընկերների հետ, և վստահ եմ, որ կգտնենք լավագույն լուծումները, որպեսզի Հայաստանն առավել ներգրավված լինի այս ծրագրում: Սա թույլ կտա մեզ լուծել մեր առաջնահերթություններից մի քանիսը, այն է՝ բարձրագույն կրթության, հետազոտության և գիտության ներդաշնակ զարգացումը և ինտեգրումը»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ այս նախաձեռնությունը ողջունելի է նաև եվրոպական հայտնի կենտրոնների հետ լավագույն փորձի փոխանակման տեսանկյունից:
Նշենք, որ «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն Հայաստանում. Նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման — COBRAIN» ծրագրի հիմնական խնդիրն է ուղեղի հետազոտությունների խթանման միջոցով զարգացնել համալսարանի հետազոտական և նորարարական կարողությունները՝ շեշտը դնելով ուղեղի հիվանդությունների բուժման բջջային և դեղորայքային նյարդապաշտպան մեխանիզմների վրա:
Նախագիծը հիմք կհանդիսանա Հայաստանում «Ուղեղ» նախաձեռնության թողարկման և Ուղեղի հետազոտության գերազանցության կենտրոնի համար համապատասխան աշխատակազմի ու ենթակառուցվածքի ձևավորման համար։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







