2020 թ. հունվարի 30-ին լույս է տեսել Փենսիլվանիայի համալսարանի TTCSP Global Go To Think Tank Index 2019 թ. վարկանիշավորման զեկույցը, որում ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնն աշխարհի «Լավագույն համալսարանական ուղեղային կենտրոններ» դասակարգման մեջ զբաղեցրել է 94-րդ հորիզոնականը, իսկ «Կենտրոնական Ասիայի լավագույն ուղեղային կենտրոններ» դասակարգման մեջ՝ 59-րդ տեղը: Այս մասին տեղեկատվություն է հրապարակվել ԵՊՏՀ-ի կայքում։
«Եվ այս համատեքստում մեր համալսարանական ուղեղային կենտրոնի այս նշանակալի ձեռքբերումը շատ ենք կարևորում, մեծ պատիվ ենք համարում այդ հեղինակավոր վարկանիշային զեկույցում ընդգրկվելը: Հուսով եմ՝ առաջիկայում կունենանք նաև վարկանիշի բարելավում»,- այս առնչությամբ նշել է ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Դիանա Գալոյանը։
Նշենք, որ Փենսիլվանիայի համալսարանը միակն է, որ մշտադիտարկում և հավաքագրում է տվյալներ աշխարհում գործող ավելի քան 8000 ուղեղային կենտրոնների գործունեության վերաբերյալ, որոնցից լավագույնները որոշակի մեթոդաբանությամբ և մի քանի փուլից բաղկացած փորձագիտական գնահատումից հետո տեղ են գտնում ամենամյա վարկանիշավորման զեկույցում:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







