Օգոստոսի 18-ին տեղի ունեցած «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի ներդրումային համաժողովի» ընթացքում ներկայացվել են Կոտայքի մարզում ամենահաջողված ձեռնարկությունները, ծրագրերն ու մարզի տնտեսական ներուժը։ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում նշում է, որ իրենց կազմակերպչական թիմը փորձեց անել առավելագույնը, որպեսզի Կոտայքի մարզը ներկայանա իր ամբողջ հմայքով ու տնտեսական ներուժով:
Ըստ Մարզպետի՝ այն, ինչ ներկայացվեց համաժողովի շրջանակում, մարզի տնտեսական ներուժի միայն մի մասն էր: Իրականում, Կոտայքի մարզն ունի ահռելի տնտեսական հնարավորություններ, որոնք վերհանելու ուղղությամբ ամենօրյա աշխատանքները չեն դադարում:
Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի տվյալների համաձայն՝ Կոտայքի մարզում թողարկված արդյունաբերական արտադրանքի ծավալը 2018 թվականին ընթացիկ գներով կազմել է 190740.4 մլն դրամ, որը կազմում է ՀՀ-ում թողարկված արտադրանքի 11%-ը, ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 1,4 տոկոսային կետով։ Դիտարկվող ժամանակահատվածում Կոտայքի մարզի արդյունաբերական արտադրանքը ՀՀ-ի կազմում ամենաբարձր տեսակարար կշիռն ունեցել է 2013 թվականին (13,4%), իսկ ամենացածրը՝ 2016 թվականին (9,5%)։
Գյուղատնտեսական արտադրանքի ծավալը 2018 թվականին ընթացիկ գներով կազմել է 73 մլրդ դրամ, որը կազմում է ՀՀ-ում թողարկված արտադրանքի 8,2%-ը, ցուցանիշը նախորդ տարվա համեմատ աճել է 0,1 տոկոսային կետով։ Դիտարկվող ժամանակահատվածում Կոտայքի մարզի գյուղատնտեսական արտադրանքը ՀՀ-ի կազմում ամենաբարձր տեսակարար կշիռն ունեցել է հենց 2018 թվականին (13,4%), իսկ ամենացածրը՝ 2013 թվականին (6,1 %)։
Գծապատկեր 1․ Կոտայքի մարզում արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրանքի ցուցանիշները 2013-2018 թվականներին( մլն դրամ, %)
Այսպիսով, ցուցանիշները վկայում են այն մասին, որ ՀՀ-ում գյուղատնտեսական արտադրանքի համախառն ծավալի մեջ Կոտայքի մասնաբաժինն աճում է ավելի արագ տեմպերով, քան արդյունաբերական արտադրանքի համապատասխան ցուցանիշը։
Նշենք նաև, որ 2019 թվականի առաջին կիսամյակում Կոտայքի մարզում թողարկված արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 81 635.3 մլն դրամ, որը կազմում է ՀՀ-ում թողարկված արտադրանքի 9,06%-ը։
Դիտարկվող ժամանակահատվածում Մանրածախ առևտրի օբյեկտների քանակը Կոտայքի մարզում նվազել է 15,07 % -ով՝ 2018 թվականին կազմելով 1144, իսկ 2019 թվականի առաջին կիսամյակում՝ 1159: Գերակշիռ դեր ունեն խանութները և կրպակները, որոնց մասնաբաժինները 2018 թվականին կազմել են համապատասխանաբար 82,4% և 10,4%: Դիտարկվող տարիներին զգալիորեն նվազել է կրպակների քանակը՝ 484-ից հասնելով 119-ի, և դրա փոխարեն ավելացել են խանութներն ու առևտրի այլ օբյեկտները (գծապատկեր 2)։ Դիտարկվող ժամանակահատվածում մանրածախ առևտրի օբյեկտների առևտրաշրջանառությունը կազմել է 29 070.2 մլն դրամ՝ կազմելով ՀՀ մանրածախ առևտրի օբյեկտների առևտրաշրջանառության 4,3%-ը։
Գծապատկեր 2․ Մանրածախ առևտրի օբյեկտների քանակը 2013-2018 թվականներին կոտայքի մարզում։
Ըստ Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի՝ Կոտայքի մարզում 2019 թվականի առաջին կիսամյակում նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ աշխատանք փնտրողների թիվը նվազել է 10 %-ով՝ կազմելով՝ 8992 մարդ, որը կազմում է ՀՀ ընդհանուր ցուցանիշի 10,8%-ը։
Գործազուրկների թիվը դիտարկվող ժամանակահատվածում նվազել է 19,8%-ով՝ կազմելով 6321 մարդ։
Ընդհանուր առմամբ՝ կարելի է ասել, որ Կոտայքի մարզում դիտարկվող ժամանակահատվածում ապրանքների արտադրությունն աճում է, մանրածախ առևտրի օբյեկտների քանակը նույնպես աճում է, իսկ գործազրկության մակարդակը՝ նվազում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







