Ներկայիս գլոբալացման դարաշրջանում ՀՀ-ի նման փոքր տնտեսություն ունեցող երկրի համար հսկայական նշանակություն ունեն ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելն ու տարածաշրջանային միավորումներին անդամակցելը։ ՀՀ-ի համար հատկապես շրջադարձային էր 2014 թվականին անդամակցությունը ԵԱՏՄ-ին, որը թողեց իր դրական և բացասական հետևանքները ՀՀ տնտեսության վրա։
ԵԱՏՄ տնտեսական իրավիճակն ու ձեռքբերումները հասկանալու համար ուսումնասիրենք հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները միության ներսում և անդամ պետություններում։ Այսպես, 2018 թվականին դիտարկվող ցուցանիշներն աճել են բազիսային տարվա համեմատ, սակայն պետք է նշել, որ աճի տեմպերը բավականին դանդաղել են։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2015 թվականին բոլոր ցուցանիշները կտրուկ անկում են ապրել, որից հետո սկսել են աստիճանաբար վերականգնվել (մանրամասն՝տե՛ս գծապատկեր 1)։
2015 թվականի կտրուկ անկումը կարելի է մեկնաբանել ինտեգրացիոն միավորման մեջ գերիշխող դիրք ունեցող պետության՝ ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ի կիրառած պատժամիջոցներով, ռուբլու արժեզրկմամբ կամ նավթի գների կտրուկ անկմամբ, որոնք ուղղակիորեն ածանցվել են ԵԱՏՄ անդամ պետությունների վրա։
Ինտեգրացիոն միավորման ներսում պատկերը բավականին հետաքրքիր տեսք ունի։ Վերջին հինգ տարիների ընթացքում ԵԱՏՄ- ում գործազրկությունը նվազել է 0․3 տոկոսային կետով՝ կազմելով 5.1%։ Գործազրկության մակարդակը նվազել է բոլոր անդամ պետություններում՝ բացառությամբ ՀՀ-ի, որտեղ 2018 թվականին ցուցանիշը բարձրացել է 3 տոկոսային կետով՝ կազմելով 20.4%: Ի տարբերություն գործազրկության՝ ՀՆԱ-ի գծով ՀՀ-ն արձանագրել է ամենաբարձր ցուցանիշները։ Մասնավորապես, ԵԱՏՄ-ում և անդամ պետություններից ՌԴ-ում, Բելառուսում և Ղազախստանում ՀՆԱ-ն նվազել է վերջին հինգ տարիների ընթացքում, սակայն ՀՀ-ում և Ղրղզստանում ցուցանիշն աճել է (տե՛ս գծապատկեր 2.2)։
Մեկ այլ կարևոր ցուցանիշ է ընդհանուր և երրորդ երկրների հետ առևտուրը։ Այսպես, դիտարկվող ժամանակահատվածում ԵԱՏՄ-ում նվազել է թե՛ երրորդ, թե՛ միության անդամների միջև առևտուրը։
Այնուամենայնիվ միության ներսում առևտուրը նվազել է ավելի մեծ տեմպերով և զիջում է երրորդ երկրների հետ առևտրին։ Ցուցանիշների նվազման միտումները կարելի է մեկնաբանել այն հանգամանքով, որ, չնայած նոր ստեղծված մաքսային միությանը, որը ենթադրում է մաքսատուրքերի վերացում անդամ պետությունների միջև, դեռևս առկա են բազմաթիվ խոչընդոտներ։ Մասնավորապես, բացակայում է երկրների միջև ընդհանուր սահմանը, ինչպես նաև երկրների հիմնական առևտրային գործընկերները երրորդ երկրներն են։ Հետաքրքիր է, որ միության անդամներից միայն ՀՀ-ի համապատասխան ցուցանիշներն են 2014-2018 թվականներին աճի տեմպեր գրանցել։
Ընդհանուր առմամբ՝ ամփոփելով ԵԱՏՄ անդամակցության հինգ տարիների տնտեսական ու քաղաքական իրադարձությունները՝ կատարել ենք մի շարք եզրակացություններ։
ՀՀ-ն բարձր դիրքեր է գրավում այնպիսի ցուցանիշների մասով, ինչպիսիք են ՀՆԱ-ն, արտաքին առևտուրն ու միության ներսում առևտուրը։
Չնայած ոչ մեծ ծավալային ցուցանիշներին՝ միության ներսում ՀՀ-ն գրանցում է ամենաբարձր աճի տեմպերը գրեթե բոլոր ցուցանիշների գծով։
ՀՀ-ն զիջում է այլ անդամներին միայն գործազրկության մակարդակով։ Այսպիսով՝ անհրաժեշտ է տանել աշխատանքներ՝ ուղղված ՀՀ-ում գործազրկության մակարդակի կայունացմանն և նվազմանը։
Լինելով փոքր և ոչ մեծ ռեսուրսներ տնօրինող պետություն՝ ԵԱՏՄ-ին անդամակցությունը ենթադրում է մի շարք ռիսկեր ՀՀ-ի համար, որոնցից են․ անդամ պետություններում տեղի ունեցող փոփոխությունների ազդեցությունն ու տարածումը ՀՀ-ի վրա, միության ներսում առևտրային գործընկերների դիֆերսիֆիկացիայի պակասը, նոր մաքսային միության հետևանքով գործընկեր երրորդ երկրների հետ ոչ նպատակահարմար առևտրային պայմաններն ու մաքսատուրքերը և այլն։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







