Այսօր լրանում է գրող, մանկավարժ, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ Ղազարոս Աղայանի մահվան 108-րդ տարելիցը:
Ղազարոս Աղայանը ծնվել է 1840 թ․ ապրիլի 4–ին Բոլնիս–Խաչեն (այժմ՝ Վրաստանում) հայաբնակ գյուղում։
Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղում՝ քահանա Տեր-Պետրոսի մոտ։ 1853 թ․ ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սակայն մեկ տարի անց ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։
Աշխատել է որպես գրաշար Թիֆլիսում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ 1867 թ․ վերադարձել է Հարավային Կովկաս, եղել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, խմբագրել «Արարատ» ամսագիրը (1869-1870)։ Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշվա դպրոցներում (1870–1882), եղել Վրաստանի և Իմերեթիայի հայկական դպրոցների թեմական տեսուչ։
Աշխատել է ‘Փորձ’ հանդեսի խմբագրությունում որպես քարտուղար, գործուն մասնակցություն ցուցաբերել ‘Աղբյուր’ մանկական պատկերազարդ ամսագրի խմբագրմանը։
1853 թ. Աղայանը ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի նախավերջին դասարանը։ Քաղաքային կյանքը և առաջադիմական գաղափարները վճռական նշանակություն են ունենում նրա մտավոր զարգացման գործում։ Շուտով ապագա գրողը վերադառնում է գյուղ և փորձում իր ձեռք բերած գիտելիքներով զարգացնել շրջապատը։
1862 թ. Աղայանը ուսումը շարունակելու և մասնագիտության մեջ կատարելագործվելու մտադրությամբ ընկերոջ հետ մեկնում է Մոսկվա՝ որտեղ հանդիպում են մեծ դժվարությունների։ 1862-1867 թթ․ աշխատում է որպես գրաշար Մոսկվայում և Պետերբուրգում:
1895 թ․ ձերբակալվել է հնչակյան կուսակցությանը պատկանելու մեղադրանքով, աքսորվել Նոր Նախիջևան, ապա՝ Ղրիմ (1898-1900)։ Այնուհետև մինչև կյանքի վերջը եղել է ցարական ժանդարմերիայի հսկողության տակ։ 1902 թ․ մայիսին տոնվել է Աղայանի գրական գործունեության 40-ամյակը։ 1905 թ․ մասնակցել է Թիֆլիսի հոկտեմբերյան ցույցին՝ ցարին տապալելու կոչ արել։
Ամուսնացած էր, ուներ որդի և դուստր:
Մահացել է 1911 թ․ հունիսի 20-ին Թիֆլիսում։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







