Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը (WCIT 2019-ը) Հայաստան բերելը մեր մեծ երազանքն էր: Այս մասին համաժողովի բացման ժամանակ հայտարարել է WCIT 2019-ի կազմկոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը:
Ալեքսանդր Եսայանի խոսքով՝ այս համաշխարհային համաժողովը Հայաստանում անցկացնելու գաղափարը առաջացել է դեռևս 10 տարի առաջ և այն իրականություն դարձնելու համար իրականացվել է զգալի աշխատանք։
«Այս մասին 10 տարուց ավելի երազում էր հատկապես UATE գլխավոր տնօրեն Կարեն Վարդանյանը: 2014 թվականին մեզ հնարավորություն ընձեռնվեց Հայկ Չոբանյանի գլխավորած UATE պատվիրակության հետ համաժողովը Հայաստանում անցկացնելու հայտ ներկայացնել»,- նշել է Ալեքսանդր Եսայանը։
«Հայաստանն այսօր եզակի հնարավորություն է ստացել առաջիկա 3 օրերին դառնալու ՏՏ համաշխարհային կենտրոն։ Հայաստանը նաև ՏՏ կենտրոն է դառնալու տարածաշրջանում, քանի որ տեղեկատվական տեխնոլոգիաները մեր երկրում զարգանում են»,- նշել է Ալեքսանդր Եսայանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-9-ը Երևանում անցկացվելու է Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային 23-րդ կոնգրեսը: Կոնգրեսին մասնակցում են աշխարհի 70 երկրից ժամանած ավելի քան 2500 առաջնորդներ, նորարարներ, քաղաքական գործիչներ, հետազոտողներ, արվեստի և շոու բիզնեսի ներկայացուցիչներ։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







