ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հյուրընկալել է WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներին։
Այս մասին տեղեկատվություն է տարածել ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը նշել է.
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ WCIT-ին հրաշալի հնարավորություն է քննարկելու մեր երկրների միջև համագործակցության հեռանկարները:
«Տեխնոլոգիական ոլորտը և տեղեկատվական տեխնոլոգիաները մեր գերակայությունների շարքում են, և ես հուսով եմ, որ այս շատ կարևոր միջոցառմանը կհաջորդի այս սեկտորի զարգացման ևս մի ալիք և միջազգային համագործակցության շրջանակներում ՏՏ ոլորտում գործակցությունը մեր երկրի համար կարևոր նշանակնություն ունի»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
«Գաղտնիք չէ, որ բարձր տեխնոլոգիաները կարևոր դեր են խաղում արդի միջազգային հարաբերություններում՝ առնչվելով անվտանգությանը, դիվանագիտությանը, մարդկանց միջև շփումներին: Ամբողջ աշխարհում ՏՏ-ն ամենադինամիկ զարգացող ուղղություններից է, և այստեղ ևս մեկ հանգամանք կա՝ հնարավոր չէ զարգացնել տեխնոլոգիական ոլորտն առանց միջազգային գործընկերների հետ արդյունավետ համագործակցության»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։
WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարներն իրենց գոհունակությունն են հայտնել Հայաստան այցելելու և Երևանում ՏՏ համաշխարհային համաժողովին մասնակցելու առթիվ։
Մասնակիցների խոսքով՝ WCIT-ին լավ առիթ և հնարավորություն է ինչպես համաժողովի մասնակից երկրների, ոլորտի առաջադեմ ընկերությունների, այնպես էլ Հայաստանի հետ փոխշահավետ երկկողմ գործակցության հեռանկարները քննարկելու համար:
Նիկոլ Փաշինյանն ու WCIT 2019 համաժողովի պաշտոնական պատվիրակությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները մտքեր են փոխանակել Տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովի օրակարգի, ինչպես նաև թե՛ տեխնոլոգիական, թե՛ այլ ուղղություններով գործընկերային կապերը զարգացնելու հնարավորությունների շուրջ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







