Արցախի պետական բնապատմական արգելոց «Հունոտի կիրճ»-ում է գտնվում Ալեքսանա Ղուզե քարանձավը կամ քարայրային համալիրը՝ Քարինտակ գյուղի հարավ-արևմուտքում, Զառ գետի ձախ ափին: Այս քարանձավն ունի մոտ 50 մ խորություն և շուրջ 7 առանձնացած սրահներ: Բնակեցված լինելով հելլենիստական դարաշրջանում ՝ Ք.ա. 1-ին դարից մինչև մ.թ. 1-ին դարը, քարանձավը հեթանոսական պաշտամունքի վայր է եղել: Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ քարանձավի մակերեսային շերտերը 50-60 հազար տարվա վաղեմություն ունեն, իսկ դա այն ժամանակաշրջանն է, երբ ժամանակակից մարդն ապրել է նեանդերթալյան մարդու հետ: Ք.ա. 1-ին դարից մինչև մ.թ. 1-ին դարը քարանձավը հեթանոսական պաշտամունքի վայր է եղել:
Դեռևս 2011թ. ԼՂՀ զբոսաշրջության վարչության առաջարկով Ազոխի հնագիտական արշավախմբի անդամները՝ ուսումնասիրություններ իրականացնելու նպատակով, եղել են համալիրում: Դրանից հետո մասնագետները եկել են այն եզրակացության, որ Ալեքսանա Ղուզեն, ամենայն հավանականությամբ, հազարամյակներ շարունակ մարդկանց համար որպես բնակարան է ծառայել։
Շոգ ամռանը քարանձավի ներսում ջերմաստիճանը 10 աստիճանից փոքր-ինչ բարձր է, իսկ ձմռանը մնում է դրական։ Այդ պայմանները թույլ են տվել, որ հազարամյակներ առաջ մարդն այստեղ ապաստանի, գոյատևի. ուշագրավ են բնակավայից մնացած հետքերն ու ԴՆԹ-ի պահպանումը:
Այն անխաթար պահպանելու նպատակով էլ պեղումների ժամանակ մասնագետներն աշխատել են արտահագուստով, դիմակներով։ Ալեքսանա Ղուզե քարանձավում հայտնաբերվել են օբսիդիանե գործիքներ, իսկ օբսիդիանի ամենամոտ հանքը քարանձավից 30-40 կմ հեռավորության վրա է:Կանոնավոր պեղումները սկսվել են 2016թ.:
Արշավախմբի ղեկավարը կենսաբանական գիտությունների դոկտոր Լևոն Եպիսկոպոսյանն է: Անցած տարի կատարած հետազոտության արդյունքներն արդեն ընդհանրացվել են, և հրատարակվել գիտական հոդվածի տեսքով
Այս տարի պեղումները մեկնարկել են հուլիսի 26-ին և կշարունակվեն մինչև օգոստոսի 14-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







