Սևանա լճից այս տարի մոտ 143 մլն խմ-ով ավելի քիչ ջրառ է իրականացվել, քան վերջին տարիներին, և 56 մլն խմ-ով ավելի քիչ, քան 2018 թվականին: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 25-ին, տեղի ունեցած տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ նշելով, որ դա ամենօրյա աշխատանքի արդյունք է:
Էրիկ Գրիգորյանը նշեց, որ ոռոգման կարիք ունի 32 հազար հեկտար տարածք, սակայն պարզվել է, որ այդ տարածքների թիվն իրականում ավելի փոքր է, և իրենք այդ տվյալները ներկայացնելու ենք Կառավարություն։
Շրջակա միջավայրի նախարարը նշեց, որ Սևանա լճի մասով պետք է լուծվի երկու հիմնական հարց՝ ջրի մակարդակի բարձրացում և կեղտաջրերի մուտքի նվազեցում:
Նախարարն ասաց, որ 2019 թվականին Սևանա լճում մաքրման աշխատանքներ են իրականացվել, հեռացվել է երկու ցանցավանդակային տնտեսություններից մեկը, լիճ է լցվել մեծ քանակի կենսունակ տարիքի մանրաձուկ, ինչը կբարելավի ձկնաշխարհի վերարտադրությունը:
Անդրադառնալով անտառային ոլորտում իրականացված փոփոխություններին՝ Էրիկ Գրիգորյանը նշեց, որ այս տարի խստացվել է անտառահատումների մասով պատասխանատվությունը:
«Եթե նախկինում անտառահատումների դեպքերը սահմանափակվում էին վարչական պատասխանատվությամբ, ապա հիմա այն ենթադրում է նաև քրեական պատասխանատվություն, և դա բերել է անտառահատումների էական նվազեցման»,- ասաց Էրիկ Գրիգորյանը։
Նախարաը նաև հավելեց, որ այս տարի բարձրացվել է անտառապահների աշխատավարձը, նրանց բաժանվել է ամառային և ձմեռային արտահագուստ:
«Ստեփանավանի անտառտնտեսությունում սենսորներ են տեղադրվել, որոնց միջոցով վերահսկվում է անտառում տեղի ունեցող բոլոր գործողությունները: Ծրագիրը պիլոտային է, և եթե այն արդարացնի իրեն, ապա կլինի շարունակական»,- ընդգծել է նախարարը՝ միաժամանակ հավելելով, որ կաթիլային համակարգի ներդրմամբ վերականգնելու են Նորքի անտառները:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







