ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը դեկտեմբերի 25-ին ընդունել են «Ներուժ» սփյուռքի տեխնոլոգիական սթարթափների ծրագրի 2019թ հաղթողներին: Այս մասին տեղեկատվություն է տարածել նախարարության մամուլի ծառայությունը:
Հակոբ Արշակյանը ողջունել է սփյուռքահայ մեր հայրենակիցներին, շնորհավորել արժանի հաղթանակի կապակցությամբ:
Նախարարը կարևորել է «Ներուժ» ծրագրի դերը տեխնոլոգիական տաղանդի ներհոսքը Հայաստան ուղղորդելու տեսանկյունից։
«Հիմնական առաջնահերթությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտի տաղանդների վերադարձն է, որովհետև նրանք գալիս են այստեղ, իրենց միտքն իրագործում՝ ստեղծելով հարյուրավոր աշխատատեղեր։ Բարձր տեխնոլոգիաների ոլորտը մեծ հավելյալ արժեք է ստեղծում, ինչպես նաև մեծ ազդեցություն է ունենում տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման վրա՝ ազդելով տարբեր մասնագիտության տեր մարդկանց ներգաղթի վրա»,- ընդգծել է Հակոբ Արշակյանը։
Այս տարվա «Ներուժ» ծրագրով մրցույթում հաղթած սթարթափները 6-ն էին՝ գաղափարի փուլում գտնվող և արդեն շուկա դուրս բերելու պատրաստ պրոդուկտ կամ ծառայություն ունեցող՝ առաջինից երրորդ մրցանակիր: Ըստ այդմ, գաղափարի մակարդակում գտնվող երեք ստարթափներն են «Marathon», «eBin», «SoFetch», իսկ շուկա դուրս գալու պատրաստ առաջինից երրորդ մրցանակի առժանացած սթարթափներն են «Schedex» «Garoon Tech» և «Fact industries»
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







