Այսօր` հոկտեմբերի 4-ին, ՀՀ Արտգործնախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանություն է տարածել` ի պատասխան «Վալդայ» համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթի, որում շեշտվում է խաղաղ գործընթացների նկատմամբ ադրբեջանական մոտեցման վտանգավորությունը:
Ելույթի մեջ մասնավորապես ասվում է. « Ադրբեջանի նախագահը որևէ հղում չկատարեց տարածաշրջանի ժողովուրդների համար խաղաղ կարգավորման անհրաժեշտությանը, այլև նույնիսկ կասկածի տակ դրեց սեփական պատմական հայրենիքում ապրող Արցախի ժողովրդի գոյության փաստը: ԼՂ հիմնահարցում իր առավելապաշտական մոտեցման հիմնավորման համար Ադրբեջանը մշտապես գործի է դրել Արցախի և ընդհանրապես հայ ժողովրդի ապամարդկայնացման հռետորաբանություն: Այդ ապամարդկայնացման դրսևորումներից են Ադրբեջանի նախագահի կողմից Ռամիլ Սաֆարովի ներումը և հերոսացումը, Արցախի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի ժամանակ խաղաղ բնակչության և զինծառայողների հանդեպ իրականացված վայրագությունները, Արցախի՝ Ադրբեջանի օկուպացիայի տակ գտնվող տարածքների հայաթափումը և Ադրբեջանի տարածքում հայկական պատմական ներկայության և հետքի վերացումը »:
Ելույթի վերջում արտգործնախարարության ներկայացուցիչը մեկ անգամ ևս վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը խնդրի վերաբերյալ, այն է` խաղաղ կարգավորում և տարածաշրջանում ժողովրդավարության հաղթանակ:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







