Բեթհովեն, Բրամս, Ֆրանց Դոպլեր․ աշխարհահռչակ այս կոմպոզիտորների ստեղծագործությունները հոկտեմբերի 6-ին Ամստերդամի լեգենդար «Կոնցերտգեբաուի» մեծ դահլիճից կներկայացնի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր էդուարդ Թոփչյանը։ Նա բեմ կբարձրանա՝ ղեկավարելու Բուդապեշտի սիմֆոնիկ նվագախումբը:
Նկատենք, որ նվագախմբի հետ սա Թոփչյանի երրորդ համագործակցությունն է։ Մինչ այդ նրանք ելույթներ են ունեցել Վիեննայի Մյուզիքֆեռայնում, Գրացում և Կլագենֆուրտում:
Հավելենք՝ Ամստերդամի «Կոնցերտգեբաու» համերգասրահը հայտնի է իր բացառիկ ակուստիկայով: Դեռևս 19-րդ դարում կառուցված դահլիճը նախատեսված է 2037 հանդիսատեսի համար: Հենց այդ բեմից ելույթ են ունեցել բոլոր ժամանակների մեծագույն դիրիժորներ Հերբերտ ֆոն Կարայանը, Կլաուդիո Աբբադոն, Ռիկկարդո Մուտին ու Վալերի Գերգիևը։
Թոփչյանը նույն ծրագրով Բուդապեշտի սիմֆոնիկ նվագախմբի հետ հադես կգա նաև հոկտեմբերի 5-ին՝ այս անգամ Ֆլանդրիական հեղինակավոր փառատոնում: Իսկ Երևանյան 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Թոփչյանի հայաստանյան համերգը` արդեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, կկայանա հոկտեմբերի 16-ին: Բեմում իրենց ելույթներով հանդես կգան նաև միջազգային բազմաթիվ հեղինակավոր մրցույթների դափնեկիր, հայտնի ջութակահարուհի Աննա Տիֆուն և դաշնակահարուհի Անահիտ Չաուշյանը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







