Այսօր՝ հունվարի 16-ին, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հանդիպել է մոտ երեսուն սպանդանոցների ներկայացուցիչների և մեկ տասնյակ ֆերմերների հետ, որի ընթացքում քննարկվել են գյուղացիների ու ֆերմերների հետ փոխգործակցության, ինչպես նաև սպանդանոցային մորթի առանձնահատկությունները: Այս մասին տեղեկատվություն է տարածել ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
Ֆերմերներն ու սպանդանոցների ներկայացուցիչները ներկայացրել են իրացման ցանցի անդամների մտահոգությունները՝ սպանդանոցային մորթի պարտադիր պայմանի հետ կապված ենթադրյալ թանկացումների, կենդանիների տեղափոխման դժվարությունների մասին:
Գեորգի Ավետիսյանը նշել է մեկ տարի շարունակ անցկացված ամենատարբեր քննարկումների ու պայմանավորվածությունների մասին, հատկապես՝ որ կենդանու տեղափոխումը պետք է իրականացնեն սպանդանոցները:
Քննարկումների արդյունքում ՍԱՏՄ-ի և սպանդանոցների ներկայացուցիչների միջև ստորագրվել է հուշագիր, որի շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների սպանդ իրականացնող տնտեսավարող սուբյեկտները պարտավորվել են.
— մինչև մորթը կենդանիների տեղափոխումը սպանդանոց և սպանդի արդյունքում ստացված կենդանական ծագման մթերքի տեղափոխումը (3 գլուխ կենդանուց ոչ պակաս) սպանդանոցից մինչև 30 կմ շառավղով հեռավորության վրա իրականացնել անվճար, 1 գլուխ կենդանու դեպքում՝ 3000 ՀՀ դրամով,
-խոզերի սպանդն իրականացնել առավելագույնը 5000 ՀՀ դրամով,
— մանր եղջերավոր կենդանիներինը՝ առավելագույնը՝ 3500 ՀՀ դրամով,
— խոշոր եղջերավոր կենդանիներինը՝ առավելագույնը՝ 10000 ՀՀ դրամով:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







