Նոյեմբերի 12-ից Հայաստանի ազգային պատկերասրահում կգործի «Ծաղիկներ մարտիկներին» ցուցահանդեսը՝ 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին ընդառաջ:
Ազգային պատկերասրահի կազմակերպած ցուցահանդեսում ներկայացված կլինեն 17 գեղանկարչական աշխատանքներ, 4 երգիծական նկարներ, արխիվային նյութեր և մարտիկների անձնական իրեր:
«Հայ ժողովուրդը մեծ ներդրում է ունեցել Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի գործում։ Հայ կերպարվեստում վառ մարմնավորվել են պատերազմի պատմության հերոսական էջերին նվիրված թեմաները, հաղթանակի ուրախությունը, կորստի դառնությունը»,– ասված է Հայաստանի ազգային պատկերասրահի մամլո ծառայության հաղորդագրության մեջ։
Ցուցահանդեսին կցուցադրվեն Մարտիրոս Սարյանի, Էդուարդ Իսաբեկյանի, Սարգիս Մուրադյանի, Սուրեն Սաֆարյանի, Մարիամ Ասլամազյանի, Մկրտիչ Սեդրակյանի, Արա Բեքարյանի և այլոց ստեղծագործություններ:
Ներկայացված կլինեն նաև մարշալ Հովհաննես Բաղրամյանի զինվորական համազգեստը, գեներալ-մայոր Ասքանազ Կարապետյանի զինվորական համազգեստը, Հայկական 89-րդ Թամանյան հրաձգային դիվիզիայի եֆրեյտոր Ն. Ն. Շահսուվարյանին պատկանող ակորդեոնը, լուսանկարներ, եզակի փաստագրական նյութեր։
Ցուցահանդեսը կշարունակվի մեկ ամիս՝ մինչև դեկտեմբերի 12-ը:
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







