«Այսօր վարչապետ Փաշինյանը բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի 0,85% ցուցանիշի մասով իրականացրել է հերթական մանիպուլիացիան»,-նման գրառում է արել Լուսավոր Հայաստան կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում։
«Ցավալի է մտածել, որ այդ մանիպուլիացիայի մաս է կազմում նաև կենտրոնական բանկը, ով վստահաբար տեղյակ է ժամկետանց վարկերի իրական ծավալի մասին, քանի որ ենթադրում եմ՝ թվերը իրենք են ներկայացրել։
Բանկիրները գիտեն, որ ժամկետանց վարկերը 270 օր անց դուրս են գրվում հաշվեկշռից և արդյունքում արտացոլված չեն այս ցուցանիշում։
Պատկերավոր ասած նոյեմբեր ամսվա 260 օր ժամկետանց վարկը դեկտեմբերին արդեն “ժամկետանց” չէ։ Իսկ իրականում ժամկետանց վարկերի ծավալը ավելի քան 10 անգամ ավելին է, քան նշված է վարչապետի գրառման մեջ։
Եթե բանկիր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԿԲ֊ն ի զորու չեն վարչապետին ճշգրիտ տեղեկատվություն տրամադրել կամ զերծ պահել մանիպուլյատիվ տեղեկատվություն հրապարակելուց, խորհուրդ եմ տալիս վարչապետին նեղ մասնագիտական տեղեկատվությունը ճշտել նաև ոլորտի այլ մասնագետների հետ»,-գրել է Թանդիլյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, համաձայն որի՝ «ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի մեջ ժամկետանց վարկերի կշիռը նախորդ տարվա ընթացքում նվազել է և կազմել ռեկորդային ցածր՝ 0.85%»։
© 2019–2026 Armenia Today. Բոլոր իրավունքները պաշտպանված են։
Նյութերն օգտագործելիս armeniatoday.am-ին հղումը պարտադիր է։







